Անձեռնմխելիությունը չի հաղթահարվել, դատարանը բավարարել է Վարդազարյանի բողոքը. մանրամասներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է վերացնել ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի իրավունքների և օրինական շահերի խախտումը։ Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարեց Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ Վարդազարյանի բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Հովհաննես Խուդոյանից։

 

Այլ խոսքով՝ դատարանն արձանագրել է, որ վարույթ իրականացնող մարմինը պարտավոր էր նախ զրկել Ռուբեն Վարդազարյանին գործառութային անձեռնմխելիությունից, ինչը չի արվել։

 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին ՀՔԾ-ում մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Նկատենք, որ թեև ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Ռուբեն Վարդազարյանի գործառութային անձեռնմխելիության հաղթահարման խնդիր չկար, քանի որ քրեական հետապնդումը չի վերաբերում դատավորի կողմից իր լիազորությունների իրականացմանը։ Անգամ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հանձնարարությամբ պատրաստված ԲԴԽ հաղորդագրության մեջ նշվել էր, թե Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, սակայն փաստն այն է, որ քրեական գործը հարուցվել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։