Քաղաքականություն Կարևոր

Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. Գալուզինի կտրուկ հայտարարությունը

Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. Գալուզինի կտրուկ հայտարարությունը

ԵԱՏՄ անդամների համար «անընդունելի է իրավիճակը», երբ Հայաստանն իր օրենսդրության մեջ ամրագրում է ԵՄ-ին անդամակցելու մտադրությունը՝ «շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից բխող բոլոր բարիքներից և առավելություններից»։ Այս կապակցությամբ Մոսկվայում «այնքան էլ չեն հասկանում», թե ինչու Հայաստանի ղեկավարությունը չի շտապում հանրաքվե անցկացնել այդ միավորումներին անդամակցելու հարցով։ Այս մասին RTVI-ին տված հատուկ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։


«Ինչպես գիտեք, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի տնտեսական անվտանգության համար այդ ռիսկերի վերաբերյալ մտահոգություն են հայտնել իմ նշած բոլոր չորս պետությունների առաջնորդները մայիսի 29-ին Աստանայում կայացած Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ»,- նշել է Միխայիլ Գալուզինը։


Դիվանագետի խոսքով՝ մինչև դեկտեմբեր «փորձագետների կողմից կմշակվեն թե՛ տնտեսական, թե՛ իրավական ասպեկտները»՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։


ՌԴ ԱԳՆ փոխնախարարը հիշեցրել է, որ համատեղ հայտարարության մեջ ԵԱՏՄ երկրների չորս նախագահները «կողմ են արտահայտվել, որ այդ հանրաքվեն անցկացվի մոտ ժամանակներս, քանի որ հենց հայկական օրենսդրությամբ հանրաքվեի անցկացումն անհրաժեշտ է Հայաստանի՝ վերպետական ինտեգրացիոն կառույցներին անդամակցելու դեպքում»։


«Ուստի մենք, անկեղծ ասած, այնքան էլ չենք հասկանում, թե ինչու Հայաստանի ղեկավարությունը չի շտապում հարցնել երկրի բնակիչներին նրանց համար այս շատ կարևոր հարցի նկատմամբ վերաբերմունքի մասին։ Հավանաբար, չեմ բացառում, որ նման անշտապողականության հետևում ինչ-որ կոնյունկտուրային նկատառումներ կան, այդպես չէ՞»,- մեկնաբանել է փոխնախարարը հանրաքվեի թեման։


RTVI-ի զրուցակցի խոսքով՝ ԵԱՏՄ անդամների համար «անընդունելի է իրավիճակը, երբ Հայաստանը պաշտոնապես հայտարարում է, օրենսդրորեն ամրագրում է իր այսպես կոչված եվրոպական ձգտումները՝ շարունակելով օգտվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից բխող բոլոր բարիքներից և առավելություններից»։


«Ես ձեզ հետ համաձայն չեմ։ Իմ կարծիքով, անցյալ տարվա ապրիլին Հայաստանում ընդունված օրենքը կոչվում է «Եվրոպական միությանը անդամակցելու գործընթաց սկսելու մասին»։ Էլ ի՞նչ է պետք մեզ ու ձեզ՝ արձանագրելու համար, որ Հայաստանի՝ Եվրոպական միությանը անդամակցելու գործընթացը սկսված է. այս թեմայով հատուկ օրենք է ընդունվել։ Եվ որևէ այլ մեկնաբանություն ես այստեղ չեմ տեսնում»,- ասել է ՌԴ ԱԳՆ փոխնախարարը՝ անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանը դեռևս պաշտոնական հայտ չի ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար և չունի թեկնածուի կարգավիճակ։


«Ընդհանուր առմամբ, հարցը, թե կոնկրետ ինչ գործողություններ են ձեռնարկվել, սկզբունքային նշանակություն չունի։ Սկզբունքային նշանակություն ունի այն, որ կա խորհրդարանի կողմից ընդունված և երկրի նախագահի կողմից ստորագրված օրենք։ Եվ կան գործնական քայլեր Հայաստանի և Եվրոպական միության մերձեցման ուղղությամբ»,- եզրափակել է Միխայիլ Գալուզինը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250