Մեքենան մոտ 150 մետր գլորվել է ձորը. վարորդը մահացել է, կան տուժածներ

Երեկ Լիսագոր-Բերձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է գլորվել ձորը` մոտ 150 մ: Արցախի Հանրապետության ոստիկանությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ահազանգը ստացել են ժամը 23:15-ին։

 

Օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ԱԻՊԾ Լիսագորի բաժանմունքի փրկարարները, ոստիկանության Բերձորի տարածքային բաժանմունքի և ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի գլխավորությամբ, ինչպես նաև քննչական օպերատիվ խումբը:

 

ՆԳ նախարարության ծառայողները փրկարարական ու տեխնիկական հատուկ միջոցներով տուժածներին հանել են ձորից:

«Պարզվել է, որ նույն օրը ժամը 21:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Ե.Մ.-ն (ծնված 1961թ.) վարելով իրեն պատկանող «Մերսեդես-Բենց» ավտոմեքենան, Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի 35-րդ կիլոմետրին դուրս է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է»– նշված է հաղորդագրության մեջ:

 

Ուղևորները՝ Երևան քաղաքի բնակիչ Ա.Գ.-ն (ծնված 1968թ.) և Ասկերանի շրջանի բնակիչ Խ. Հ.-ն (ծնված 1973թ.), ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանակերտ:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: