«Արդեն խոսակցություն կա, որ ընտրակաշառք ա լինելու»․ Էդմոն Մարուքյան

«Հեղափոխության խոստումներից մեկն այն էր, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, որ շահեր չմտնեն խորհրդարան»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկվելուն, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 

«Եթե նորից խորհրդարան գործարարներ բերվեն, դա հեղափոխության ևս մեկ խոստման դրժում կլինի և ետընթաց՝ ձեռքբերումների փշրանքներից, որովհետև ինչ ձեռքբերումներ եղել են հեղափոխությունից հետո, դրանցից արդեն փշրանքներ են մնացել»,- նկատեց Մարուքյանը։ 

«Արդեն խոսակցություն կա, որ ընտրակաշառք ա լինելու»,- հայտարարեց ԼՀԿ ղեկավարը։ 

Հարցին, թե քաղաքական որ ուժի կողմից, Մարուքյանն ասաց․ «Տարբեր կողմերից․․․ Մարդիկ արդեն խոսում են, որ փող են տալու»։ 

Մարուքյանի խոսքով՝ կաշառք միշտ կարող է բաժանել իշխանությունը, որովհետև գործարարների վրա ազդեցություն ունի և այն ուժերը, որոնք անսահամանափակ ռեսուրսներ ունեն։