
Ադրբեջանցիներն ավտոմատը պահած հայերեն են խոսել. Գեղարքունիքի բնակիչները Արման Թաթոյանին ներկայացրել են իրավիճակը

Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի բնակիչները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ադրբեջանցիներն ավտոմատը պահած հայերեն են խոսել իրենց հետ։
Pastinfo.am-ի փոխանցմամբ բնակիչը պատմել է Արման Թաթոյանին, որ ադրբեջանցիներին հորդորել է գնալ, քանի որ սա մեր հողն է, ոչ թե իրենցը, ինչին ի պատասխան թշնամին ասել է. «Նստի ավտոն գնա, թե չէ հենց հիմա կապ կտամ, կխփեն»,-ներկայացրեց բնակիչը։
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ Կութում դպրոցը գտնվում է ուղիղ ադրբեջանական զինվորների նշանառության տակ, և առհասարակ ադրբեջանցիների առաջխաղացումն ու այդ տարածքներում մնալը խախտում է սահմանամերձ այս բնակավայրերում ապրողների իրավունքները, մասնավորապես իրենց տարածքում գտնվող արոտավայրերից օգտվելու իրավունքը։
«Այս արոտավայրերից օգտվելու իրավունքները մարդիկ ձեռք են բերել Հայաստանի մարմինների կողմից տրամադրված օրինական փաստաթղթերի հիման վրա։ Այսինքն սրա լեգիտիմությունը որևէ մեկը չի կարող վիճարկել։ Դրա համար ձեռք ենք բերելու այս փաստաթղթերը, և դնելու ենք մեր զեկույցների հիմքում»,-ասաց Արման Թաթոյանը։