«Միջանցքային» տրամաբանությամբ հարց կոմունիկացիաների կոնտեքստում չենք քննարկել. Փաշինյան

«Շատ է խոսվում դեմարկացիա, դելիմիտացիա, սահմանների ճշգրտման մասին, և հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանը վախեցնել և ահաբեկել: Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, և դա իմ դիրքորոշումն է, որ սահմանների ճշգրտումը, ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանի Հանրապետությանը։ Որովհետև սահմանների ճշգրտումը, արձանագրումը և, ի վերջո, ինչ-որ փուլում դեմարկացիան և դելիմիտացիան անվտանգային կարևորագույն երաշխիք է: Բայց պետք է հասկանանք, որ դա պարզ գործընթաց չէ: Այսօր, օրինակ, հետխորհրդային երկրներից, ես չգիտեմ, համենայնդեպս, մեր տարածաշրջանում չկա երկիր, որն ավարտին է հասցրել դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը: Որպեսզի հանրությանը պարզ լինի, ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ է դելիմիտացիան, ինչ է դեմարկացիան: Դելիմիտացիան այն գործընթացն է, երբ սահմանները գծագրվում են քարտեզների վրա, համաձայնեցվում են քարտեզների համար, դեմարկացիան՝ արդեն տեղում ֆիքսում են, թե որոնք են, այսինքն՝ քարտեզում նշված կետը կոնկրետ տեղանքի որ կետին է համապատասխանում: Այսքան որ քննարկվում է GPS և այլն, այսինքն՝ GPS-ով ստուգվում է՝ արդյոք այս կետն այն կետն է, որը նշված է քարտեզի վրա:

 

Շատ կարևոր եմ համարում կրկին արձանագրել՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը մեր կառավարության առաջնահերթություններից է, որովհետև կոմունիացիաների բացումն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, նույնքան անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը: Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սկսած 1992 թվականից՝ Հայաստանի նկատմամբ որդեգրվել է շրջափակման, այսինքն՝ կոմունիկացիաները փակելու քաղաքականություն: Այս փաստի բերումով մենք պետք է հասկանանք, որ այդ օրակարգը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը՝ կոմունիկացիաների բացման օրակարգը: Մյուս կողմից, մենք, ինչպես բազմիցս նշել եմ – գիտեք, ես չեմ կարծում, թե մենք պետք է ամեն օր այս մասին հայտարարենք, ասում եմ բոլոր ժամանակների համար - մենք «միջանցքային» տրամաբանությամբ հարց կոմունիկացիաների կոնտեքստում չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու:

Ուզում եմ նաև ընդգծել հետևյալը՝ շատ կարևոր արձանագրում, որ միջազգային հանրությունը՝ ավելի ու ավելի ակտիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները խոսում են Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին: Սա ինչո՞վ է կարևոր։ Կարևոր է նրանով, որ կա պնդում, թե Ղարաբաղի հարցը կարգավորված է: Կարծում եմ՝ հիմա արդեն կարող ենք արձանագրել՝ միջազգային հանրությունն արձանագրում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ, և այն դեռ պետք է կարգավորվի:

 

Ուզում եմ ընդգծել մեր կառավարության քաղաքական կամքը՝ այո, գնալ և կարգավորել հարցը: Ինչի՞ համար։ Որովհետև այս բոլոր, դժվար, ցավոտ, պրոբլեմատիկ հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառման և Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Սա հեշտ գործ չէ։ Սա չափազանց դժվար գործ է։ Այստեղ պետք է քաղաքական կամք, այստեղ պետք է նաև հարվածները վերցնելու ընդունակություն, այստեղ պետք է հանրության հետ բաց, ազնիվ, անկեղծ երկխոսություն, և մենք գնալու ենք այդ ճանապարհով»:

Քաղաքականություն