Մակունցը փակագծեր է բացել գաղտնի փաստաթղթի մասին

Իմ տեղեկությունով, ռուսական կողմը ՀՀ-ին առաջարկ է ներկայացրել ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով, քննարկելու դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցեր: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին՝ տեղյակ են արդյո՞ք իրենք այն փաստաթղթի մասին, որի վերաբերյալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարություն արեց:

«Կրկին իմ տեղեկություններով, հայկական կողմն արձագանքել է, որ ցանկացած հարց, աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանի ԶՈւ-ն ամբողջությամբ լքի ՀՀ տարածքը»,- ասաց նա։

Մակունցը նշեց, որ մանրամասների հետ կապված տեղեկատվություն չի կարող հաղորդել, միայն կարող է ասել, որ եթե ընդունվեն ՀՀ առաջարկած պայմանները, այդ պարագայում դա կարող է 100 տոկոսով բխել ՀՀ շահերից:

Հարցին՝ կարելի է արդյո՞ք ենթադրել, որ այդ փաստաթղթի բովանդակությունը վերաբերում է ընդամենը հանձնաժողովի ձեւավորմանը, որը զբաղվելու է սահմանների ճշգրտմամբ, Մակունցն ասաց, որ իր տեղեկություններով, տարածք հանձնելու վերաբերյալ խոսակցություն չկա. «Իմ տեղեկություններով հանձնաժողովի ստեղծման մասին առաջարկ է եղել, ինչին ՀՀ-ն արձագանքել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է ամբողջական դուրս բերվի ՀՀ տարածքից»:

Հարցին՝ ադրբեջանական ուժերի լքելը միակ պայմա՞նն է Հայաստանի կողմից, թե՝  կա՞ նաեւ գերիների վերադարձի պայմանը, Մակունցն ասաց, որ այդ մասով տեղեկություններ չունի։

Հարցին՝ եթե այդ փաստաթուղթն ի օգուտ Հայաստանի է, ապա ինչո՞ւ չի հրապարակվում, Մակունցը պատասխանեց. «Գիտեմ առաջարկի մասին։ Առաջարկները կարող են հնչել բանավոր, կարող են հնչել գրավոր։ Եթե ընթանում են բանակցություններ, ապա դրանց մասին լիազորված է խոսելու համապատասխան կառույցը։ Ես ասում եմ այն, ինչին ինքս տիրապետում եմ»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ազգային ժողովում այդ հարցը քննարկվելո՞ւ է, Մակունցն ասաց. «Ես չեմ ուզում, որ մենք իրադարձություններից առաջ ընկնենք»։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին դիմելու արդյունքներին՝ Մակունցն ասաց, որ դեռեւս պաշտոնական տեղեկություն չկա. «Կարծում եմ՝ Արտաքին գործերի նախարարն առաջիկա հնարավորության դեպքում կներկայացնի մանրամասներ»։

Հարցին՝ ինչպե՞ս է ինքը գնահատում Ռուսաստանի Դաշնության արձագանքը, Մակունցը պատասխանեց. «Հարցը մեզ համար տարբեր դաշտերում է, այսինքն՝ այն, որ ադրբեջանական ԶՈՒ-երը ներթափանցել են ՀՀ տարածք, դա որեւէ կերպ ընդունելի չի կարող լինել մեզ համար, այդ հարցը չենք դիտարկում սահամանազատման խնդիրների տրամաբանության մեջ»։