Հասարակություն

Սա սահմանային միջադեպ է, որը չի կարելի միանգամից բնութագրել որպես ռազմական գործողություն. Հովիկ Աղազարյան

Սա սահմանային միջադեպ է, որը չի կարելի միանգամից բնութագրել որպես ռազմական գործողություն. Հովիկ Աղազարյան

Ես հարցի լուծումը պատկերացնում եմ առաջին հերթին բանակցությունների ճանապարհով, ՀԱՊԿ-ում մեր ունեցած կարգավիճակի եւ ընդհանրապես ՀԱՊԿ-ի գործունեության շրջանակներում: Այս մասին այսօր՝ News.am-ի փոխանցմամբ` ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու փաստին:

«Բոլոր դեպքերում, հաշվի առնելով մեր հարեւանների կեցվածքը, շատ դեպքերում սադրիչ, չի բացառվում, որ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ նաեւ ուժային մեթոդով հարցը լուծվի»,-ասաց Աղազարյանը:

 

Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստից, որը մեկնարկել է այսօր, եւ արդյոք ՀԱՊԿ-ը չի հապաղում, նա պատասխանեց. «Հապաղելու խնդիր չկա, նմանատիպ միջադեպերի դեպքում ամեն մի միջադեպն իր սահմանումը, իր գնահատականն ունի: Սա սահմանային միջադեպ է, որը չի կարելի միանգամից բնութագրել որպես ռազմական գործողություն: հետեւաբար, ՀԱՊԿ-ը, որը գործում է  իր կանոնադրության հիման վրա, որը համարվում է մեկ միասնական տարածք, հետեւաբար, նմանատիպ խնդիրները պետք է որոշակի քննարկման փուլ անցնեն, գնահատական տրվի, որից հետո արդեն իրականացվեն կոնկրետ գործողություններ: Հիմա այդ քննարկումների արդյունքում անկասկած ինչ-որ հետեւության կգան, կտան եւ գնահատական, եւ գործողությունների պլան երեւի կմշակվի:

Ես կարծում եմ, որ ՀԱՊԿ-ի ԱԳ նախարարները պետք է հայտարարությամբ հանդես գան, օրինակ, դիմել Ադրբեջանի իշխանություններին, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ազատեն այդ տարածքները, որովհետեւ ամեն ինչ այնքան ճշգրիտ է»:

Նա հավելեց, որ Ադրբեջանի կողմից պայմաններ չեն դրվում. «Միակ կեցվածքը, որ ունի Ադրբեջանը այս պահին, դա այն է, որ ըստ  իրենց քարտեզների, դա համարվում է իրենց տարածքի մի մասը: Բայց փաստորեն համադրելով մեր ունեցած քարտեզները եւ 102-րդ ռազմաբազայում գտնվողն քարտեզները, հստակեցված է, որ դա հայկական տարածք է:  Հետեւաբար այդ խնդիրը պետք է լուծվի այս մակարդակով: Ես չեմ բացառում, որ միգուցե Ադրբեջանը սադրիչ այլ նպատակներ է հետապնդում, դրա համար մեր ՊՆ-ն պետք է պատրաստ լինի ցանկացած շրջադարձային իրողության եւ իրավիճակին համապատասխան որոշում կայացնի:

Բայց միջազգային հանրության առաջ, միջազգային իրավունքի տեսանկյունից այդ ամենը հաշվի առնելով մենք պետք է սպառենք բոլոր իրավական, քաղաքական ճանապարհները: Ես կարծում եմ՝ մենք չենք սպառի դրանք եւ հարցի լուծումը խաղաղ ճանապարհով կլինի այնպես, որ մենք բոլորս ուզում են եւ որը ճիշտն է»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250