Հայաստանը կարող է «կանաչ» գոտում հայտնվել. ի՞ նչ ազդեցություն ունի «Սպուտնիկ V»-ն

Հայաստանի Հանրապետությունում արդեն ավելի քան 20 հազար քաղաքացի է պատվաստվել, բայց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այդ ցուցանիշը քիչ է համարում։ Նա իր տեսակետը հայտնեց այսօր Շիրակի մարզ կատարած աշխատանքայի այցի ժամանակ` պատասխանելով լրագրողների հարցերին։ 

«Գոհացուցիչ ցուցանիշ չէ, բայց տենդենցը միանշանակ դրական է: Մենք տեսնում ենք, որ ամեն օր արված պատվաստումների քանակը, նախորդ արվածներից ավելի մեծ է։ Պատվաստվածների մեջ մեծ թիվ են կազմում ռիսկային խմբերը»,-ասաց նախարարի պաշտոնակատարը։ 
Նրա խոսքով` իրազեկմանն ուղղված շատ աշխատանք կա։ Պատվաստվելուն զուգահեռ ինչ–որ տեղ թուլացել է բնակչության զգոնությունը։ 
«Հոգնածությունը զգացվում է, բայց վարակը, ցավոք, չի հոգնում և չի նայում մեր հոգնելուն: Այո՛, մենք աշնանը թվերի նվազում ունեինք, բայց կրկին աճ գրանցեցինք: Աշնանը պայքարի միակ միջոցը դիմակներն էին, հիմա ամենականխարգելիչ, անվտանգ ու գործուն միջոցը պատվաստումն է»,– շեշտեց նա: 

Ավանեսյանի խոսքով` Հայաստանում պատվաստված անձանց մոտ ծանր ու արտառոց ընթացք չի արձանագրվել, եղել է ջերմություն, թեթև մկանացավ, որը նորմալ է համարվում: 

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ Հայաստանում շատ պահանջված է «Սպուտնիկ V» պատվաստանյութը, քաղաքացիների վերաբերմունքը շեշտակի փոխվել է նաև «AstraZeneca»-ի նկատմամբ: 
«Չինական պատվաստանյութի նկատմամբ էլ բավական դրական վերաբերմունք կա: Աշխատանքներ են տարվում նաև «Pfizer», «Moderna» պատվաստանյութերի հնարավոր ներկրման ուղղությամբ» ասաց նա: 

Երկրում համավարակային իրավիճակը մի քանի չափորոշիչներով է ստուգվում առաջինը՝ դեպքերի օրական նվազման և պատվաստումների գործակցով: 

«Պատվաստումների բավարար չափի դեպքում համավարակի հետագա ալիքների ժամանակ բնակչությունը շատ ավելի պաշտպանված կլինի:Շատ երկրներ դեպքերի կտրուկ նվազում են գրանցել, քանի որ պատվաստումների բավարար շեմ են ապահովվել: Այժմ քննարկվում է «կանաչ», «կարմիր» գոտիները դիտարկել պատվաստումային գործընթացի լույսի ներքո։ Եթե մենք էլ այս գործընթացը ավարտենք, հույս ունեմ, որ ճամփորդությունների մշտական «կանաչ» գոտում կլինենք և՛ մեր երկիր եկող, և՛ մեր երկրի քաղաքացիների համար»,- հավելեց Ավանեսյանը: