Ուշադրություն, նկարում են․ բեզոարյան այծերի ֆոտոսեսիան` հայոց լեռներում
Բեզոարյան այծերը, պարզվում է, սիրում են լուսանկարվել։ Համենայն դեպս, գիտեն, թե ինչպես ճիշտ «դիրքավորվել» լուսանկարի համար։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Facebook-ի պաշտոնական էջում գեղեցիկ լուսանկար է հրապարակել, որում առնվազն 7 բեզոարյան այծեր են երևում։
«Ուշադրությո՛ւն, նկարում են»,- լուսանկարին կից գրել են հիմնադրամի աշխատակիցները։
Բանն այն է, որ լուսանկարում բոլոր 7 բեզոարներն էլ, թվում է, թե ուշադիր ֆոտոխցիկին են նայում ու համբերատար սպասում, մինչև լուսանկարիչը գործն ավարտի։
Նշվում է, որ բեզոարյան այծերի այս խմբին լուսանկարել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահ Մանուկ Մանուկյանը։Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի վերահսկողության ներքո:
Կովկասյան Կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին: Խոսրովի արգելոցը, ինչպես նաև հարակից տարածքները, առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի՝ հայկական մուֆլոնի, սիրիական գորշ արջի, բեզոարյան այծի, սև եվրասիական անգղի, մորուքավոր անգղի, կովկասյան հովազի, կովկասյան լուսանի և հայկական իժի համար:
Ապաստարանի տարածքը ծառայում է նաև որպես միջանցք նշված կենդանիների համար: Տեսախցիկները և 4 անտառապահներ շարունակաբար դիտարկում են տարածքը:
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետությունում հանդիպում է բեզոարյան այծի կովկասյան ենթատեսակը։ Այն սնամեջ եղջերավորների ընտանիքին պատկանող լեռնային վայրի այծ է, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։