
Բայդենի կողմից նման քայլն առավել քան իրատեսական է, սակայն պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել. քաղաքագետ

Այսօր ամերիկյան մի շարք հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են CNN-ը, The New York Times-ը, Bloomberg-ը, The Wall Street Journal-ն ու The Washington Post-ը, հղում կատարելով իրենց պաշտոնական աղբյուրներին, հայտնեցին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Հայոց Ցեղասպանությունը։ Մասնավորապես նշվել էր, որ, համաձայն ներքին քննարկումներին լավատեղյակ պաշտոնյաների, նախագահ Բայդենը պատրաստվում է հայտարարել՝ կոտորածները ցեղասպանական գործողություն են եղել:
Auroranews–ի հետ զրույցում քաղաքագետ Նարեկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես պետք է հայ հասարակությունը ընդունի այս տեղեկությունը, ասաց, որ Բայդենի կողմից նման քայլն առավել քան իրատեսական է, սակայն պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել։
«Նախկինում ևս տարբեր նախագահներ ասում էին, որ կճանաչեն, սակայն երբ գալիս էր պահը, փաստացի, թուրքական լոբինգն այս պայքարում ավելի ուժեղ էր դուրս գալիս։ Արդեն իսկ թուրքական կողմը փակ և բաց ձևաչափերով բավական ակտիվացել է։ Ինչպես շանտաժի, այնպես էլ սիրաշահումների միջոցով փորձում են ճնշումներ գործադրել ԱՄՆ նախագահի նոր աշխատակազմի վրա»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին, թե մասնավորապես ինչ ճնշումներ է Թուրքիան գործադրում, քաղաքագետ Նարեկ Մինասյանն ասաց. «Միացյալ Նահանգներում գործող թուրքական լոբբիստական կառույցները բավականին ակտիվ կերպով փորձում են Սպիտակ տանը ցույց տալ, որ ցեղասպանության ճանաչումը բավական լուրջ հարված կհասցնի թուրք-ամերիկյան հարաբերություններին, փորձում են ի ցույց դնել, թե որքան կարևոր է Ամերիկայի համար Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալը, որ հարցերում կողմերը միմյանցից փոխկախվածություն ունեն։ Հայտարարություններ արվել են նաև Թուրքիայի արտգործնախարարի մակարդակով, որոնք, իհարկե, ուղղված են ԱՄՆ նոր նախագահի աշխատակազմին և խնդիր ունեն վերջիններիս հետ պահել ցեղասպանության ճանաչումից»։
Մեր հարցին, թե Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից 2 օր առաջ տարածված այս տեղեկությունը հնարավոր է, որ հենց Թուրքիային էր հասցեագրված, Մինասյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետև դեռ մեկ ամիս առաջ, եթե չեմ սխալվում, եղան առաջին արտահոսքերը Սպիտակ տնից։ Ամերիկյան մամուլը ունի սեփական աղբյուրներ դիվանագիտական շրջանակներում։ Ես առավել հակված եմ, որ սա միտումնավոր կազմակերպված արտահոսք չէր, պարզապես թեման ու դրա կարևորությունն այնպիսին էր, որ, բնականաբար, դիվանագիտական շրջանակները չէին կարող արտահոսք չկազմակերպել իրենց գործընկեր լրատվամիջոցների համար»,- ասաց քաղաքագետը։