ՌԴ ԱՀԾ-ից բացահայտող հայտարարություն․ ի՞նչ է սպասվում հայ-ռուսական հարաբերություններին
Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) մամուլի բյուրոն հայտարարություն է տարածել, որում Եվրոպական միության ղեկավարությանը մեղադրում է Հայաստանից Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՊՑ) դուրսմղման փորձերի մեջ։ Ավելի վաղ հաղորդել էինք, որ ըստ ռուսական կողմի պնդումների՝ եվրատլանտյան ինտեգրման գործընթացի շրջանակում Հայաստանի իշխանությունների առջև պահանջ է դրվում ամբողջությամբ դադարեցնել Մոսկվայի հետ կրոնական և հոգևոր հարաբերությունները։
Մոսկվայի փոխանցմամբ՝ այս գործընթացում ներգրավված է ընթացիկ տարվա ապրիլին ձևավորված Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելությունը։ Ռուսական կողմը հայտնում է, որ կառույցի նպատակն է սահմանափակել ՌՊՑ Երևանյան և Հայասատանյան թեմի իրավունքները եկեղեցական անշարժ գույքի տնօրինման հարցում, ինչպես նաև խոչընդոտել տեղական կրոնական կառույցների, հատկապես՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ երկխոսությանը։
Որպես օրինակ ռուսական գերատեսչությունը մատնանշում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի Սուրբ Միքայել Հրեշտակապետի տաճարի վանահայր Տիմոֆեյ Կազարյանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ըստ ԱՀԾ տարածած տեղեկատվության՝ տեղական հասարակական կազմակերպությունները՝ Բրյուսելի աջակցությամբ, հոգևորականին մեղադրել են առաջիկա խորհրդարանական ընտրությունները տապալելու փորձերի մեջ։
Ռուսական հետախուզական ծառայությունը նաև պնդում է, որ եվրոպական կառույցներն այժմ տեղեկություններ են հավաքում ՌՊՑ թեմի այլ ներկայացուցիչների վերաբերյալ, ինչի նպատակը, ըստ հաղորդագրության, Երևանի կողմից կառույցի դեմ հնարավոր արշավ սկսելն է։