Վրաստանում բացահայտվել է կրիպտոարժույթի օգտագործմամբ փողերի լվացման միջազգային սխեմա

Վրաստանում խոշոր գումարների ապօրինի «լվացման» համար 11 մարդ է բերման ենթարկվել, հայտնում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: 

Հետաքննությամբ պարզվել է, որ 2019-ի գարնանը Իսրայելի քաղաքացին իր հանցակիցների հետ կազմավորել էր կազմակերպված հանցավոր խումբ, որը երկար ժամանակ զբաղվել էր կրիպտոարժույթով առևտրով շահագրգիռ օտարերկրյա քաղաքացիներին պատկանող միջոցների կեղծ յուրացմամբ: Ձեռք բերված գումարը բաշխվել է հանցավոր կազմակերպության անդամների միջև: 

Կազմակերպիչներն անօրինական գործունեության մեջ էին ներգրավել օտար լեզուների մասնագետների, որոնք համակարգված կապվում էին հավանական զոհերի հետ և առաջարկում բանկային փոխանցմամբ կրիպտոարժույթ գնել: Համաձայնություն ստանալու դեպքում խմբի անդամները  օտարերկրացուն հեռավար կարգով գրանցում էին իրենց կայքում, ինչից հետո այցելուն իր անունով ձեռք էր բերում կրիպտոարժույթ, սակայն վճարված գումարը արտացոլվում էր ոչ թե խաբված հաճախորդի, այլ խարդախների հաշիվներում: 

Այս եղանակով հանցավոր խմբի անդամները խաբեությամբ հափշտակել են օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ Գերմանիայի, Ավստրիայի, Չինաստանի, Նիդեռլանդների և Նորվեգիայի տասնյակ քաղաքացիների պատկանող խոշոր գումարներ: Այս պահին վնասի չափը 620 հազար եվրո է: 



Կազմակերպված հանցավոր խմբի որոշ անդամներ ապօրինի եկամուտներով գնել են թանկարժեք մեքենաներ և անշարժ գույք: Դրանք նույպես առգրավվել են: 

Քննությունն իրականացվել է Վրաստանի ՆԳՆ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր տնօրինության և Գլխավոր դատախազության համատեղ խմբի կողմից ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով ՝ «ապօրինի ստացում-պահպանում կազմակերպված խմբի կողմից անձնական տվյալների օգտագործում, օտարերկրյա քաղաքացիներին պատկանող մեծ գումարների ապօրինի յուրացում, ինչպես նաև անօրինական եկամտի օրինականացում (լվացում) հատկապես մեծ մասշտաբով: 

Հանցագործությունը պատժվում է ազատազրկմամբ՝ 9-ից 12 տարի ժամկետով: 
 

Քաղաքականություն

Պատահարներ