Թուրքիան ցանկանում է F-35-ը փոխարինել հայրենական հինգերորդ սերնդի TF-X կործանիչով

F-35 կործանիչների ծրագիրն ունի չափազանց շատ սահմանափակումներ, որոնք պահանջում են ամբողջական կախվածություն ԱՄՆ-ից, HaberTürk TV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:

Նրա խոսքով՝ Թուրքիան իր զինանոցում F-35-ի տեղը կլրացնի հինգերորդ սերնդի հայրենական TF-X կործանիչով:

Նշենք, որ Վաշինգտոնը Թուրքիային 2019թ․ հանել է F-35 Lightning II ռեակտիվ ինքնաթիռների ստեղծման ծրագրից՝ այն բանից հետո, երբ Թուրքիան ձեռք է բերել ռուսական С-400-ներ, որոնք անվտանգության սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համակարգերի համար: Թուրք կապալառուները շարունակում են մասեր արտադրել հինգերորդ սերնդի կործանիչների համար՝ չնայած ծրագրից Թուրքիայի դուրս գալուն եւ դեկտեմբերին պաշտպանական արդյունաբերության դեմ պատժամիջոցների կիրառմանը:

«С-400 համակարգերն արդեն մատակարարվել են Թուրքիայի զինված ուժերին, եւ դրանք կարող են օգտագործվել ցանկացած պահի»,- ասել է Դեմիրը:

Մեկնաբանելով Թուրքիային F-35 ծրագիր վերադարձնելու լոբբինգի մասին թուրքական պետական Defence Industry Technologies (SSTEK) ընկերության եւ Վաշինգտոնում գործող Arnold & Porter իրավաբանական ընկերության միջեւ վերջերս կնքված համաձայնագիրը` Դեմիրն ասել է, որ գործարքի նպատակը հիմնականում փոխհատուցում ստանալն է:

F-35 ծրագրի մեկնարկից ի վեր երկու տասնամյակում Թուրքիան ավելի քան 1,2 միլիարդ դոլար է ծախսել կործանիչների ստեղծման ծրագրի վրա:

Դեմիրի խոսքով՝ Թուրքիան շարունակում է F-35-ի որոշ կարեւորագույն մասեր արտադրել, սակայն ԱՄՆ-ն արդեն կրճատել է F-35-ի ավելի քան 1000 մասեր, որոնք արտադրում էին թուրքական պաշտպանական ընկերությունները: Նա նշել է, որ հաշվի առնելով F-35-ի սահմանափակումները եւ F-35A-ի ու F35B-ի հետ կապված խնդիրները, այն փաստը, որ Թուրքիան հանվել է ծրագրից, «կարող է դրական պահ լինել»:

Պատահարներ