Քիչ առաջ Երևանյան լճում հայտնաբերվել է տղամարդու դի. տեղում է նաև Երևանի ոստիկանապետը

Այսօր՝ մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա։

 

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատը՝ փրկարար ջոկատի պետ Ալբերտ Մարտիրոսյանի և ջրասուզակ Հարություն Հարությունյանի գլխավորությամբ։ 

 

Ժամանել է նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը։ Ջրասուզակը լճից դին դուրս բերեց հատուկ ճոպանի միջոցով, և այս պահին տեղում աշխատում է դատական բժիշկը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննչական բաժնի պետ Սիմոն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Հախինյանի գլխավորությամբ։ 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մի քանի ոստիկանության բաժինների պետերի ժամանումը կապված է այն հանգամանքի հետ, որ հնարավոր է՝ տղամարդուն սպանել, ապա նետել են գետը, և այն քշել-բերել է լիճը։  

Քաղաքականություն