
Ամեն մեկը պետք է կենտրոնանա իր քաղաքական վարկանիշի վրա. Բադասյանը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Հասարակությունը, կարծում եմ, բավական հոգնած է փոխադարձ մեղադրանքներից՝ դավաճան, ոչ դավաճան, ապաստան, անվտանգության խնդիր, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը։
Նա ասաց, թե ամեն մեկը պետք է կենտրոնանա իր քաղաքական վարկանիշի վրա։
«Ամենևին էլ նման հայտարարությունները, անբովանդակ առաջարկները չեն նպաստելու այդ քաղաքական վարկանիշի բարձրացմանը, կարծում եմ՝ վերջին հետազոտության արդյունքները բավական խոսուն են՝ ով որքան քաղաքական վարկանիշ ունի», - ասաց Բադասյանը։
Նա նշեց, թե, առհասարակ, ՀՀ որևէ քաղաքացու անվտանգության խնդիր չի տեսնում։
«Մենք ժողովրդավարական երկիր ենք, իրավական երկիր ենք ու որևէ խնդիր չունենք», - ասաց նախարարը։
Անդրադառնալով վարչական ռեսուրսի հնարավոր կիրառմանը արտահերթ ընտրությունների ժամանակ՝ Բադասյանն ասաց, թե դա զավեշտի դաշտից, է, որովհետև իրենք ընտրությունների ժամանակ ապացուցել են, որ 2018-ից հետո Հայաստանում ընտրության կեղծման փորձ անգամ չի եղել։