Գնա թուրքից էլ կովերդ ստացի. Ինչու՞ է քաշաթաղցի կինը Սյունիքի մարզպետի քրոջ որդուն կասկածում գողության մեջ

Արցախի Քաշաթաղի շրջանի Ծաղկաբերդ գյուղի բնակչուհի Մարգարիտա Ալխասյանը շուրջ հինգ ամիս և ավելի փորձում է հասկանալ՝ ինչպես պատահեց, որ պատերազմի թեժ օրերին կարողացավ իր ունեցած 28 խոշոր եղջերավոր կենդանիներին Ծաղկաբերդ գյուղից հասցնել Գորիս՝ առանց կենդաներիներից մեկին կորցնելու, ապա Խնձորեսկի արոտավայրում կորցնել բոլորին:  Բազմազավակ արցախցին արդեն մի քանի ամիս է կորցրել է իր ապրուստի հիմնական միջոցը: 

«Ես իմ տանը թողել եմ իմ ապրուստի հիմնական միջոցը՝ անասնապահությամբ ենք զբաղվել՝ մեր ընտանիքը պահել, տանը թողել եմ 15 խոզ, 70 թև հավ, 10 ոչխար, իսկ այսօր զրկվել եմ իմ կովերից, որոնց պատերազմական այդ օրերին դժվարությամբ հասցրի Սյունիք: Ունեցել եմ 28 խոշոր եղջերավոր կենդանի , պատերազմի ամենաթեժ օրերն էին, ես վերջինն եմ եղել ընտանիքիս հետ, որ դուրս եմ եկել գյուղից: Հիմա բնակվում ենք Գորիսում՝ բարեկամիս տանը: Մեր ընտանիքը կերակրում էին այդ անասունները, սակայն գողացել են, գիտեմ, թե ով»-, այս մասին Auroranews -ի հետ զրույցում ասաց Մարգարիտա Ալխասյանը: 

 

Տիկին Մարգարիտան պատմեց, որ երբ լքում էին Ծաղկաբերդ գյուղը եղել է իր երեխանների հետ, որոնց օգնությամբ 28 գլուխ անասուն իրենց հետ դուրս են բերել գյուղից: Ընտանիքի հայրը այդ ժամանակ ռազմաճակատում է եղել:

«Արդեն Սյունիքի մարզում՝ Խնձորեսկի արոտավայրում էինք, երբ հասկացա, որ կրակոցներ են լսվում և որոշեցի արագ երեխեքին հասցնել տուն՝ Գորիս, որտեղ ժամանակավոր ապրում էինք: Երբ ետ եկա տեսա, որ իմ անասունները չկան, սկսեցի փնտրել, բայց չգտա»,-ասաց նա: 

 

Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, Մարգարիտան վերադարձել է արոտավայր անասուններից գոնե մի քանիսին գտնելու հույսով, սակայն մառախուղի և անբարենպաստ եղանակի պատճառով ետ է դարձել տուն: Հաջորդ օրը նույնպես դուրս է եկել կովերին փնտրելու, սակայն՝ ապարդյուն: 

 

«Կորցնելուց երկու օր հետո Գորիսի Վերին Շեն գյուղում տեսա, որ մեքենաների մեջ բարձրացրած վաճառելու էին տանում իմ կովերից երկուսին: Էլի կովեր կային, բայց դրանք իմը չէին՝ հարևանիս կովերն էին: Մենք վերցրինք մեր կովերին,  թույլ չտվինք տանեն: Եզդիների մեքենաներով էին տանում, իրենցից մեկը ասաց, որ կովերը իրեն վաճառել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին՝ Դավիթ Ղուլունցը»: 

Մարգարիտան տրամադրեց նաև լուսանկարներ, որոնցում իր անասուններն են՝ բարձված բեռնատարների վրա, լոուսանկարներում  նաև Նիվա մակնիշի մեքենաներ են երևում, որոնք, ըստ մեր զրուցակցի, կապ ունեն անասնագողերի հետ, մասնավորապես, սպիտակ Նիվան, որը մարզպետի քրոջ որդու մեքենան է:

 

 

 

Մարգարիտան համոզմունք հայտնեց, որ կովերը ըստ երևույթի նախնական վաճառվել են եզդիներին. «Ես ամեն անգամ չէի կարող բոլոր մեքենաները ստուգել»:

Ըստ Մարգարիտայի այդ ժամանակ  Խնձորեսկում է եղել Սյունիքի մարզպետի ջոկատը, որոնք էլ կովերը քշել են դեպի Տեղ գյուղ: 

Ինքը անձամբ ոստիկանություն չի դիմել: Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ արձագանքել է այն ժամանակ, երբ տեղի ունեցածի մասին գյուղում խոսակցություն է բարձարացել: 

 

«Ոտիկանությունից ինձ ասացին՝ քանի որ հանդիսանում եմ Քաշաթաղի բնակիչ պետք է դիմեմ այնտեղի ոստիկանություն, սակայն այդ ժամանակ պատերազմ էր: Անելանելի իրավիճակ ա  ստեղծվել, հիմա չգիտեմ՝ ինչ անել»,-նշեց նա: 

 

Հարցին՝ մարզպետարան դիմել եք և ինչ արձագանք ստացել մեր զրուցակիցը ասաց. 

«Դիմել եմ, խնդրել եմ հարցիս լուծում տան, իրենք էլ երևի քննարկել են, ապացուցել եմ ամեն բան նկարներով, իսկ իրենք ինձ ասել են դու «ժուլիկ» կին ես, դու տեսել ես մենք ունևոր ենք ուզում ես մեզնից գումար պոկես: Սա էր իրանց պատասխանը և վերջում էլ ասեցին, թե գնա թուրքից էլ կովերդ ստացի»: 

Միջադեպի վերաբերյալ Սյունիքի մարզպետարանի արձագանքը շատ չի ուշացել: Ի պատասխան տիկնոջ և մամուլում տեղ գտած հրապարակումնների մարզպետարանից հայտնել են. 

 

Հրապարակումը ստորև. 

1. «Սյունիքի մարզպետի ջոկատ» ձևակերպում չկա, այն անհասկանալի է, մոլորեցնող ու կարող է ընկալվել շատ լայն իմաստով․տեղեկացնում ենք, որ 2020-ի աշնան պատերազմի ընթացքում Մելիքսեթ Պողոսյանը ղեկավարելու ապահովել է «Սյունիքի երկրապահ կամավորականների» միության անդամների մասնակցությունը ռազմական գործողություններին, իսկ նրանց կազմում մտնում էին բազմաթիվ ջոկատներ Սյունիքի բոլոր համայնքներից՝ Մեղրիից մինչև Գորայք։

 

2. Բացառվում է,  որ Մելիքսեթ Պոսողյանը տեղյակ լիներ իր հրամանատարութան ներքո գտնվող որևէ զինվորականի կողմից նման հակաօրինական քայլի կամ քաղաքացու գույքի հանդեպ ոտնձգության մասին ու հանդուրժեր դա, կամ երևույթը մնար անհետևանք։

 

3. Հորդորում ենք տվյալ քաղաքացուն՝ անհիմն ենթադրությունների ու մեղադրանքների փոխարեն դիմել իրավապահներին ու հարցը պարզել, մեղավորներին գտնել բացառապես օրենքի ու օրինականության շրջանակներում։