
Վիճաբանություն-ծեծկռտուք Ներքին Բազմաբերդ գյուղի ամբուլատորիայում. իրար են «քոթակել» բժիշկն ու ՍՊԸ-ի փոխտնօրենը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Թալինի բաժնում նյութեր են նախապատրաստվում մարտի 5-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում Ն. Բազմաբերդ գյուղի բնակիչ Աբրահամ Պողոսյանն ահազանգել է ոստիկանության Թալինի բաժին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում գյուղի ամբուլատորիայում Երևանի բնակիչ Համլետ Մարգարյանը իրեն ծեծի է ենթարկել:
Պարզվել է, որ ամբուլատորիայում Ա. Պողոսյանի և Հ. Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ էլ վերջիններս փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Պողոսյանը աշխատում է Ն. Բազմաբերդի ամբուլատորիայում՝ որպես բժիշկ, իսկ Հ. Մարգարյանը՝ «Ֆարմար Շին» ՍՊԸ-ում՝ փոխտնօրեն: