
«Լուսավոր Հայաստան»-ն արտահերթ ընտրություններին կմասնակցի իշխանություն վերցնելու նպատակով. Սամսոնյան

Մենք արտահերթ ընտրություններ պահանջում ենք, որովհետև այլ ելք չկա։ Արտահերթ ընտրություններն այն կարմիր գիծն է, որը պետք է քաշենք, որ երկիրն ընկնի զարգացման ռելսերի վրա։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«Եթե ես իմանամ, որ մյուս խորհրդարանում պատգամավոր չեմ լինի, ինձ համար դա նշանակություն չունի, կարևորը երկիրը հանենք այս վիճակից։ Որպես պատգամավոր հաճելի չէ աշխատել մի երկրում, որը հիվանդի պես ցնցվում է։ Որևէ կերպ չի քննարկվել, թե ընտրությունների մասնակցելով քանի տոկոս ձայն կունենանք։ Միգուցե իշխանության հաշվարկներում է դա, որ չի կարող մեծամասնություն հավաքել, բայց մեր հաշվարկներում նման բան չկա»,-ասաց պատգամավորը։
Անի Սամսոնյանի խոսքով իշխանությունն իր վախերը պրոյեկտում է ընդդիմադիր խմբակցությունների և քաղաքական ուժերի վրա․ «Այն վախը, որ վարչապետը կարող է հրաժարական տալ և իր մեծամասնությունն այստեղ կարող է պատահաբար մեկ այլ անձի ընտրել վարչապետ, այդ վախն իշխանությունն իր մեջ չի կարողանում հաղթահարել»,-ասաց Անի Սամսոնյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններ, «Լուսավոր Հայաստանը» մասնակցելու է իշխանություն վերցնելու նպատակով։