«Իմ քայլ»-ն ընդունում է ՀՀ նախագահի հրավերը. Մակունց

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամ է  մասնակցելու նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպմանը՝ երկրում ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ քննարկման և լուծումներ գտնելու համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 

«Այսօր նախագահի աշխատակազմին տեղեկացրել եմ, որ ընդունում ենք նախագահի հրավերը և պատրաստակամ ենք մասնակցել նախագահի նախաձեռնած հանդիպմանը»,-ասաց Մակունցը: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին տարածած հայտարարությամբ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում: 

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն արդեն արձագանքել է նախագահի հրավերին: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ ընդունում են հրավերն ու պատրաստ են մասնակցել ցանկացած քննարկման, որտեղ հնարավոր կլինի վերականգնել քաղաքացիական համերաշխությունն ու ուղիներ գտնել երկիրը խորը ճգնաժամից հանելու համար:  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպման հրավերի վերաբերյալ որոշում դեռ չի կայացրել: 

«Հայրենիքի փրկության շարժման» անդամ Իշխան Սաղաթելյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ հանդիպման հրավերի մասին քննարկում դեռ չեն ունեցել, կքննարկեն, որից հետո, եթե հարկ համարեն, հանդես կգան հայտարարությամբ: