Դանակի 6 հարվածի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ

Երեկ՝ մարտի 10-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։  Ժամը 22։00-ի սահմաններում «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ «մարմնի տարբեր մասերի ծակած-կտրած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, ու մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները պարզել են վիրավորի ինքնությունը. նա Գանձակ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Վազգեն Ս-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում գյուղում վիճաբանություն է տեղի ունեցել Վազգեն Ս-ի   և նրա համագյուղացի՝ 23-ամյա Հայրիկ Ե-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով 6 անգամ հարվածել է Վազգեն Ս-ի մարմնի տարբեր մասերին։  Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում այսօր՝ մարտի 11-ին, գիշերը, ժամը 02։40-ի սահմաններում կասկածյալ Հայրիկ Ե-ն մեղայականով ներկայացել է Գավառի ոստիկանություն։