
Վարչապետը բանակում դեռևս քանդելու բան ունի. Արտակ Դավթյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է. Մովսես Հակոբյան

Այսօր վարչապետը բանակում դեռևս քանդելու բան ունի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանի նշանակմամբ փորձում է ամբողջությամբ այն քանդել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այսօրվանից ազատվել է պաշտոնից։ Եւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ նախագահին է ներկայացրել ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու մասին առաջարկությունը։ Հատկանշական է, որ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին Դավթյանը երկու անգամ արդեն պաշտոնազրկվել է. 2020 թվականի հունիսին Փաշինյանի պահանջով ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից՝ որդու հարսանիքի հետ կապված սկանդալի պատճառով, ապա նշանակվել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, որի պաշտունում եղել է ընդամենը չորս ամիս։
Մովսես Հակոբյանը նշեց, որ շատ վատ է վերաբերում Արտակ Դավթյանի հնարավոր նշանակմանը, նախկինում գնահատական տվել է Արտակ Դավթյանի գործունեության վերաբերյալ, կարծիքը չի փոխել,Դավթյանը մեծ վնաս է պատճառել բանակին։
«Ենթադրում եմ՝ այսօր վարչապետը բանակում դեռևս քանդելու բան է տեսել, բերել է, որ ամբողջությամբ քանդի »,- ասաց նա։
Հարցին՝ թե այդ դեպքում ինչու՞ է վարչապետն ավելի վաղ ազատել Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, Հակոբյանը նշեց, որ պաշտոնապես հայտարարությամբ չի նշվել, թե հոդվածի որ կետի համաձայն է ազատվել պաշտոնից, մինչդեռ՝ մի քանի կետեր կան, մասնավորապես, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կարող է պաշտոնից ազատվել իր դիմումի համաձայն կամ քրեական գործերի առկայության դեպքում, պետք է բավականին լուրջ մեղադրանք հնչեցվի ԳՇ պետի հասցեին, որ պաշտոնից հեռացնեն և մեկ կարգապահական խախտման համար չեն կարող պաշտոնից ազատել։
«Մեկ կարգապահական խախտման համար չեն կարող պաշտոնից ազատել։ Պետք է հարուցվի քրեական գործ, ընդ որում՝ քրեական գործ հարուցելու պարագայում իրեն պաշտոնից ազատում են ժամանակավոր, դատարանում մեղավոր ճանաչելու դեպքում ազատում են պաշտոնից»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնը նաև Օնիկ Գասպարյանի դեպքում պետք է լինի և ոչ՛ Օնիկ Գասպարյանը, ո՛չ Արտակ Դավթյանը չէին կարող թույլ տված լինել այնպիսի կարգապահական խախտում, որը կարող էր հիմք հանդիսանալ պաշտոնից ազատելու համար։
«Եթե Արտակ Դավթյանն ազատվել էր իր դիմումի համաձայն, իրենից պետք է հարցնել, ինչ է փոխվել իր մոտ, որ նախկինում հրաժարվել է բանակում ծառայելուց, հիմա՝ ցանկացել է, իսկ եթե կարգապահական խախտման հիմքով է ազատվել պաշտոնից, ապա պաշտոնից ազատման այդպիսի կարգապահական տույժ ստանալուց հետո մեկ տարի չի թույլատրվում նշանակվել պաշտոնին։ Այդ կարգապահական տույժը գործում է առնվազն մեկ տարի, իսկ իր դեպքում մեկ տարի չկա»,- նշեց Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Օնիկ Գասպարյանի ազատման հիմքերին, Հակոբյանը նշեց, որ այս իշխանությունները օրենսդրական կարգավորումները չեն կարդում բանակի մասով, առավոտյան արթնանում են, որոշում և հայտարարություն անում, հետո իրավական դաշտը գցում կրակի մեջ։
Ավելին՝ Մովսես Հակոբյանի փոխանցմամբ, իր հայտարարությունների հիման վրա ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ինքը մեղադրել է Դավթյանին՝ բանակի քանդման գործում «ներդրած ջանքերի» համար։ Քրեական գործի շրջանակներում Դավթյանը հարցաքննվել է, սակայն Հակոբյանը նշեց, որ տեղեկություն չունի, թե քրեական գործով ինչ կարգավիճակ ունի Դավթյանը։
Դիտարկմանը, որ իշխանությունները փորձում են ԳՇ պետի պաշտոնում նշանակել մի մարդու, որը, չի բացառվում, հետագայում կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, Հակոբյանն արձագանքեց. «Այո, բայց դա չի նշանակում, որ այդպես կլինի»։
Իսկ թե ստեղծված քաոսային իրավիճակից ինչպես կարող ենք դուրս գալ՝ հաշվի առնելով երկրի առջև ծառացած անվտանգային խնդիրները՝ Հակոբյանը նշեց, որ ցանկացած իրավիճակում պատասխանատու մարդիկ պետք է որոշում կայացնեն և կյանքի կոչեն։
«Ես չեմ կարող հասկանալ այսօրվա քաղաքական իշխանության գլխում ինչ կա, ինչ որոշում կկայացնեն և ինչ կյանքի կկոչեն։ Այն, ինչ արվել է մինչ այս պահը, արվել է ոչ ի շահ մեր երկրի»,- նշեց Հակոբյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին այն բանից հետո, երբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն տարածեց պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Փաշինյանի առաջին միջնորդությունը նախագահի կողմից առարկություններով վերադարձվել է՝ նշելով, որ այն առերեւույթ պարունակում է Սահմանադրության խախտումներ։ Փաշինյանը, չի ընդունել առարկությունները, եւ առանց որեւէ փոփոխության կրկին ուղարկել է այն։ Նախագահը չի ստորագրել առաջարկությունը, սակայն դրա սահմանադրականության հարցը ևս չի վիճարկել ՍԴ-ում՝ սահմանված ժամկետում։ Փոխարենը ՍԴ է դիմել՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» սահմանադրականության հարցով։ Այսօր արդեն Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատվել է պաշտոնից՝ իրավունքի ուժով։ Օնիկ Գասպարյանն էլ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ կդիմի ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրավունքի ուժով իրեն պաշտոնից ազատելը։
« Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։
Հայաստանի Հանրապետությունում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։ Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով»,- նշված է Օնիկ Գասպարյանի մարտի 10-ի հայտարարության մեջ։