ՍԴ-ում նախագահի դիմումը մուտք է եղել. եռօրյա ժամկետում կորոշվի դրա համապատասխանությունը ՍԴ օրենքի պահանջների

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով նախագահի դիմումը մուտքագրվել է ՀՀ Սահմանադրական դատարան։

«Եռօրյա ժամկետում պետք է որոշվի դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածով սահմանված պահանջներին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Նրա խոսքով՝ դրանից հետո շարունակվելու է դիմումի նախնական ուսումնասիրության փուլը։

«Այն նախատեսում է 30-օրյա ժամկետ՝ դիմումն ստանալու պահից սկսած։ Նշված ժամկետում որոշվելու է դիմումի հետագա ճակատագիրը», - տեղեկացրեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հարցով դիմել է Սահմանադրական դատարան։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից: