
Ողբերգական դեպք Երևանում. «Զ և Դ» ՍՊԸ-ի բետոնի գործարանում հայտնաբերվել է 25-ամյա աշխատակցի դին

Երեկ, մարտի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թբիլիսյան խճուղի 3/20 հասցեում գտնվող «Զ և Դ» ՍՊԸ-ի բետոնի գործարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 25-ամյա Վաղարշակ Խաչատրյանն էր, ով աշխատում էր «Զ և Դ» ՍՊԸ-ում՝ որպես օպերատորի օգնական, և աշխատանքի ժամանակ շեբեն և ավազ տեղափոխող հաստոցը նրան քշել տարել է, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։
Փաստի առթիվ ավագ քննիչ Այվազյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։