Իմ տեղեկություններով՝ Գլխավոր շտաբում Փաշինյանի ճակատին շատ ճիշտ և ուղիղ խոսքեր են ասել. Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը գնացել է Գլխավոր շտաբ, որպեսզի ստանա այն կադրը, որ իր դեմ զինվորականները գլուխ են խոնարհում։ Այս մասին այսօր՝ մարտի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Եթե վարչապետի աթոռին կառչած անձը պաշտոնի բերումով հայտնվել է Գլխավոր շտաբում, չի նշանակում, որ Զինված ուժերն իրեն ամբողջությամբ ընդունում են։ Իմ տեղեկություններով՝ Գլխավոր շտաբում իր ճակատին շատ ճիշտ և ուղիղ խոսքեր են ասել։ Ինքը գնացել է Գլխավոր շտաբ, որպեսզի ստանա այն կադրը, որ իր դեմ զինվորականները գլուխ են խոնարհում։ Ինքն այդ տեսարանը ստացել է։ Շատերն ընկճվել են, իր թիմի որոշ անդամներ արդեն հաբրգել են՝ մտածելով, թե հարցն ավարտվեց։  Իմ կարծիքով՝ Զինված ուժերը նաև հայտարարությամբ ցույց տվեցին, որ մերժում են այդ մարդուն, և հաստատեցին՝ պետք է հեռանա։ Այս պայքարի մեջ լինելու են կոտրվողներ, բանակի մասին չէ խոսքը, լինելու են հանձնվողներ, լինելու են ճանապարհից շեղվողներ, ես և իմ կուսակցությունը նրանց թվին չենք պատկանում»,- նշեց Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 10-ին, հանդիպում է ունեցել Զինված ուժերի հրամանատարական կազմի հետ։ Հանդիպմանը չի մասնակցել Օնիկ Գասպարյանը։ Փաշինյանի կողքին նստել է Արտակ Դավթյանը, որին ԳՇ պետ նշանակելու առաջարկությունը Նիկոլ Փաշինյանն ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: