«Իմ քայլն» արձանագրել է, որ զինվորականների կողմից քաղաքականությանը միջամտելն անընդունելի է. Մակունց

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը բանակ շուրջ ծավալվող իրադարձություններն ու հայտարարությունները որևէ կերպ չի կապում քաղաքական գործընթացների հետ։ Մակունցը նման կարծիք հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։

Նշենք, որ այսօր ԳՇ` աշխատանքից ազատված պետ Օնիկ Գասպարյանը հայտարարություն էր տարածել և ասել, որ իր ազատման առնչությամբ դիմելու է Վարչական դատարան։ Նա նաև հավելել էր, որ իր ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին` շարունակելու է այլ կարգավիճակով։

«Այս երկու հարցերի լուծումը որևէ կերպ փոխկապակցված չեն իրար։ Ավելին, շատերի մոտ է հարց առաջացել, թե ի՞նչ կարգավիճակով է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատկերացնում ժողովրդին իր ծառայությունը, ինչպես իր այսօրվա հայտարարության մեջ ասել է նա։ Կսպասենք Գասպարյանի արձագանքին. ինքս ենթադրություններ անել չեմ ուզում»,–ասաց Մակունցը։

Նրա խոսքով` «Իմ քայլն» արձանագրել է, որ զինվորականների կողմից քաղաքականությանը միջամտելն անընդունելի է։ Մակունցն ասում է` պատահական չէ, որ ԵԱՀԿ, ԵԽԽՎ–ն, ՄԱԿ–ը, Ռուսաստանն արձագանքեցին` նույն կարծիքը հայտնելով։

Նա հավելեց նաև, որ երկրում ընթացող իրադարձությունների վերաբերյալ պետք չէ որպես օրինակ բերել մեր թշնամի պետության ղեկավարների ելույթներից, քանի որ դրանով երկրին լավություն չենք անում։