Մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը ակնհայտ կեղծիք է և մանիպուլացիա. ԳՇ

Մամուլում ակտիվորեն շրջանառվող տեղեկությունը, թե իբրև «ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ցանկացել է բանակը դուրս հանել փողոց, սակայն հրամանին ենթարկվողներ չեն եղել», ոչ միայն չափազանց հեռու է իրականությունից, այլև ակնհայտ կեղծիք է և մանիպուլացիա։  
Խստորերն դատապարտում ենք նման գործելաոճը, լրատվամիջոցներին հորդորում ենք «մեզ հասած տեղեկություններով» ոճի՝ բարձր լրագրությանը ոչ հարիր աշխատելաոճ չդրսևորել, մեր քաղաքացիներին էլ խորհուրդ ենք տալիս չհետևել նմանաբնույթ սադրանքներին։ Այս մասին հայտնում է  ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի տեղեկատվական բաժնի պետ գնդապետ Սամվել Ասատրյանը:
Նաև հայտնում ենք, որ իրավունքի գերակայությունն ապահովելու նպատակով ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբն արդեն իսկ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրանքով՝ ուսումնասիրելու «Ժամանակ» թերթում հրապարակված «Հրամանին չեն ենթարկվել․ ի՞նչ է ցանկացել անել Օնիկ Գասպարյանը» հոդվածում առկա առերևույթ հանցակազմի հատկանիշներ պարունակող նյութերը և, հիմքերի հաստատման դեպքում, նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելու, որի արդյունքում մեղավոր անձինք օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության։