Հասարակություն

Լուսանկարներ. Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ

Լուսանկարներ. Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին այցելել է Գեղարքունիքի մարզ։

Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղեկցությամբ այցելել է մարզկենտրոն Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց և ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին։

Դպրոցի հին շենքը կառուցվել է 1967 թվականին։ 2016 թվականին իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կառույցը խիստ վթարային է և վտանգավոր` դասապրոցես իրականացնելու համար։ Եղել են նաև շենքից քարաթափման դեպքեր, իսկ ներսի պատերը ճաքած էին։ Արդյունքում որոշում է կայացվել հիմնովին վերակառուցել դպրոցը, շինաշխատանքներն ավարտվել են 2020 թվականի վերջում։

Շինարարության մեջ օգտագործվել է մինչև 580 տոննա երկաթյա ամրան,  դպրոցը կառուցված է սեյսմակայունության նորագույն պահանջներին համապատասխան՝ սեյսմակայուն մինչև 9 բալ երկրաշարժի դեպքում:

Դպրոցի նոր շենքը կառուցվել է ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող` «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»: ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմել է 1 մլրդ 380 մլն դրամ։

Դպրոցը շինարարության ընթացքում իր հիմնական հասցեում չգործելու հետևանքով աշակերտների թվաքանակի կորուստ չի ունեցել: Այս պահին Պապին Ղանդիլյանի անվան դպրոցի աշակերտների թիվը 422 է, իսկ նոր շենքի շահագործումից հետո այս թիվը կարող է ավելանալ. այն նախատեսված է 576 աշակերտի համար։

Նոր շենքը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց համար, ունի վերելակ, կահավորված դասասենյակներ, միջոցառումների դահլիճ, մարզադահլիճ, լաբորատորիաներ։

 

[2276812f9bffb97e2892877ca80c3596.jpg]

 

[f04e60a3cd9f0b374bec848dedd7ac74.jpg]

 

[4943515a9d04add3041346ad38358aef.jpg]

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250