Հասարակություն

Կա կարևորագույն միջազգային սկզբունք. մենք դեռ գործ ունենք դեռևս չավարտված ռազմական կոնֆլիկտի հետ. Թաթոյան

Կա կարևորագույն միջազգային սկզբունք. մենք դեռ գործ ունենք դեռևս չավարտված ռազմական կոնֆլիկտի հետ. Թաթոյան

Այն պահից սկսած, երբ հրապարակվեց, որ ինչ-որ իրադարձություններ են տեղի ունենում Տավուշում՝ սահմանների հետ կապված, ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ ենք անում, կապի մեջ ենք, ուսումնասիրություն ենք անում: Սյունիքի փորձը ցույց տվեց, որ պետք է ճիշտ հանրային հաղորդակցություն տանել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

Նա նշել է, որ Սյունիքում առաջացած խնդիրների պատճառներից մեկն այն է, որ կար իրական վիճակ, սակայն մարդկանց տեղեկություն չէր տրամադրվում: Մինչև հիմա այդ անորոշությունը կա և՛ Սյունիքում, և,՛ ինչպես տեսնում ենք, նաև Տավուշում:

«Եթե առաջիկայում հանրային հաղորդակցությունը ճիշտ չընթանա, լուրջ խնդիրներ կարող են առաջ գալ: Մենք այս պահին, դեռևս ոչ հրապարակային, աշխատում ենք Տավուշում: Դեռ ուսումնասիրման գործընթաց է գնում»,– ասել է նա:

Արման Թաթոյանը հավաստիացրեց, որ եթե մարդու իրավունքների խախտումներ ի հայտ գան, ինչը եղավ Սյունիքում, ինքը անպայմանորեն միջամտելու է և իր լիազորությունների սահմաններում փորձելու է լուծումներ որոնել:

Անդրադառնալով Սյունիքում չեզոք գոտու ստեղծման մասին առաջարկին՝ ՄԻՊ-ը ընդգծեց. «Այն իրենից ենթադրում է ադրբեջանական զինված ծառայողների հեռանալը Սյունիքի գյուղերին անմիջապես մոտ գտնվող տարածքներից: Մենք հաշվարկել ենք կրակոցների մահացու հեռավորության հատվածը: Մի քանի անգամ, երբ ես ապացույց ներկայացրի կրակոցների հետ կապված, եղավ պաշտոնական հաղորդագրություն, թե իբր ադրբեջանցիները, ընդամենը, օդ են կրակում: Մարդու իրավունքների տեսանկյունից դա անհասկանալի է: Կամ այդ ինչպես են հաշվարկում՝ կանոնավոր են կրակում, թե անկանոն»:

Արման Թաթոյանը նկատեց, երբ պատերազմից հետո Ալիևը շարունակում է ֆաշիստական հայտարարություններ անել, ցուցանակներով սադրել մարդկանց, այդ պայմաններում խաղաղությունը Հայաստանի հաշվի՞ն է լինելու:

«Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ոչ մի դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսք չկա, ադրբեջանցիների գյուղերին մոտ սահմանին հայտնվել են պատերազմի, ուժի սպառնալիքի ներքո: Սա չի բխում միջազգային իրավունքի հիմքերից»,– ասել է Թաթոյանը և նշեց, որ նոր հայեցակարգի հետ կապված զեկույց են նախապատրաստում, որը բաղկացած է լինելու բացառապես ապացույցներից և փաստերից:

«Սյունիքում տիրող այս վիճակը կարող է առաջացնել դիսկուրս, որ մարդու հիմնարար իրավունքները ոչ մի նշանակություն չունեն անվտանգության տեսանկյունից: Սա լավագույն օրինակն է ցույց տալու, որ մարդու իրավունքները թղթի վրա գրված սկզբունքներ չեն միայն:

Հարցին, թե կարող են ներհայաստանյան իրադարձությունները խոչընդոտ հանդիսանալ գերիների վերադարձման համար, Արման Թաթոյանը նշեց, որ այդ հարցի շահարկումը անթույլատրելի է և առանց այդ էլ Ադրբեջանը այս հարցը շատ է քաղաքականացրել: «Սա առաջին հերթին ձեռնտու է Ալիևին»,– ասել է նա:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ բոլոր գերիներին վերադարձրել են, մնացածը դիվերսանտներ են, ՄԻՊ-ը նշեց. «Սա ակնհայտ շահարկում է: Կա կարևորագույն միջազգային սկզբունք. մենք դեռ գործ ունենք դեռևս չավարտված ռազմական կոնֆլիկտի հետ: Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, եթե դու չունես չավարտված կոնֆլիկտ, գերի վերցվածները իրենց կարգավիճակով ռազմագերի են: Գերիների վերադարձի արհեստական ձգձգումները պատերազմական հանցագործություն են»:

Արման Թաթոյանը երկրում տիրող ներքաղաքական վիճակը անհանգստացնող համարեց՝ կապված փոխադարձ վիրավորանքների, անհանդուրժողականության և հասարակության  բևեռացման հետ: Ինչ վերաբերում է ռազմական հեղաշրջման փորձին, Թաթոյանը շեշտեց, որ դրա մասին խոսք անգամ լինել չի կարող, և մեր երկում ամեն ինչ պետք է զարգանա ժողովրդավարության ճանապարհով:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250