
Արա Սաղաթելյանը դիմեց իր գործընկերներին, որոնք այսօր շարունակում են համագործակցել այս իշխանությունների հետ

Տղե՛րք, ձեզ ինչ է պատահել։ Մենք լուրջ ճանապարհ ենք անցել, ծառայել ենք պետությանը, ծառայել ենք ազգային շահին։ Ո՞ւմ եք դուք հիմա ծառայում։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը՝ դիմելով իր գործընկերներին, որոնք այսօր շարունակում են համագործակցել այս իշխանությունների հետ։
«Մենք՝ այստեղ կանգնածներս և ժողովրդի շատ մեծ հատված շատ լավ գիտենք՝ ում դեմ ենք պայքարում և ինչի համար։ Դուք ու՞մ եք պաշտպանում։ Դիվանագիտական ծառայությամբ զբաղված իմ գործընկերներ, մենք լուրջ ճանապարհ ենք անցել, թշնամուն և հակառակորդին բնից դուրս գալու պահին ճնշել ենք, սատկացրել ու մտցրել բունը՝ ՄԻԵԴ-ից մինչև ՄԱԿ, բանակցայինից՝ մինչև տեղեկատվական»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, թե արդյո՞ք վերջիններս իրենք իրենց հարց են տալիս, թե ում են ծառայում և ինչի համար, ինչու են լռում, կառչել պաշտոններից, թե սպասում են, որ խեղկատակ ապուշը մի առավոտ արթնանա և աշխատանքից ազատի, որովհետև ծիծաղել են իր հերթական հիմարության վրա։
Սաղաթելյանը դիմեց նաև ոստիկանության ծառայողներին՝ նշելով, որ, երբ վերջիններս հանրահավաքներից, երթերից հետո մարդկանց քաշքշելով և ծեծելով տանում են քաղմասներ, ու՞մ են սպասարկում, ինչու՞ են դա անում։
«Նա ձեզ, կներեք արտահայտությանս համար, բայց ավտոբուսներով հարյուրներով լցնում է կառավարական շենքերի մոտ, որ կարողանա մեկ երկու քայլ-քայլի այս քաղաքով, հետո 100-120 դրամ աշխատավարձ է տալիս, երբ իր թիմակիցները, պատգամավորները, որոնք թառած են այս շենքում լափում են ժողովրդի փողերը՝ բազմահազար միլիոնավոր պարգևավճարներով, երբ անգամ պատերազմի ժամանակ Արցախ գնալու համար նրանք վերցնում էին օրապահիկ և բենզինի փող՝ պետական բյուջեից»,- ոստիկաններին դիմելով ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ հասկանում է, որ ծայրահեղ կյանքից դրդված են պաշտպանում այդ տկարին, ունեն վարկեր, խնդիրներ, աշխատանքից հետո ստիպված են տաքսի քշել, բանվորություն անել, բայց չէ՞ որ նա խոստացել էր, որ իրենք չեն քշելու տաքսի, շինարարությամբ չեն զբաղվելու, բայց խաբեց և խաբելու է այնքան, քանի դեռ պաշտպանում եք իրեն։