Մեքենան բախվել է զորակոչային ծառայության բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին. կա 2 զոհ
Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:30-ի սահմաններում Երևանի Սարի Թաղի բնակիչ, 33-ամյա Արկադի Ղուկասյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Աշտարակի խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև երկաթե արգելապատնեշին և մոտ 30 մետր օդով առաջ ընթանալով, բախվել է Հալաբյան փողոցում գտնվող Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման (ժողովրդին հայտնի Մաշտոցի զինկոմիսարիատի) երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և մոտ 1 մետր բարձրությունից կողաշրջված վիճակում հայտնվել ստորաբաժանման տարածքում:
[0e8f71527a96fbd350b16587de052de1.jfif]
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետանքով Ա. Ղուկասյանը տեղում մահացել է, իսկ ուղևորուհին՝ Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Ազատուհի Ղարիբյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին, գիտակցության չգալով, մահացել է:
[a2e801a5224274397e7ed4f1168b1178.jfif]
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի