
Եթե զինվորականները ռազմական հեղաշրջում ուզենային անել, կանեին ու չէին սահմանափակվի մեկ քայլով. Աբրահամյան

«Եթե զինվորականները ռազմական հեղաշրջում ուզենային անել, կանեին ու չէին սահմանափակվի մեկ քայլով։ Երկրորդը՝ սա զինվորականների քայլն էր, որով ազդակներ էր հղվում հանրությանը, քաղաքական դաշտին, առհասարակ մեր ռեգիոնում որևէ ձևով ներկայություն ստանձնած ուժերին, որ ԶՈՒ-երը թույլ չեն տա անվտանգության համակարգի փլուզում։
Զու-երը ըստ էության ստանձնել են մեր պետականությունը պահելու վերջին հենասյան դերը»,- «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԳՇ հայտարարությանը և իշխանության ներկայացուցիչների մեկնաբանությանը, թե դա ռազմական հեղաշրջման փորձ էր։
Աբրահամյանը նշեց, որ Ադրբեջանը այս փուլում փորձում է ճնշման միջոցներ օգտագործելով զիջումներ ստանալ։ Հայաստանի կառավարությունը չի կարող չգիտակցել, թե ինչին կարող է բերել Ադրբեջանի ակտիվությունը Սյունիքի մարզի սահմանային հատվածներում։ Ադրբեջանը օգտագործելու է բոլոր գործոնները։ Նպատակը՝ զիջումներ կորզելն է, Հայաստանին սեփական խաղի կանոններ թելադրելը և սեփական օրակարգով շարժվելն է։
«Իրավիճակը շարունակում է դեպի անդունդ գնալ և այդ ճանապարհը անխուսափելի է դարձնում կորուստները՝ մնացած ուղղություններով։ Առաջինը անվտանգությունն է, որի հետևանքները բոլորն են զգալու»,-եզրափակեց Աբրահամյանը։