Օրվա լրահոս

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սյունիքում անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին: Այդ ապառազմականացված գոտին կերաշխավորի Սյունիքի բնակիչների անվտանգությունն ու բոլոր իրավունքների պաշտպանությունը, ինչն այժմ ամբողջությամբ խախտվում է՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակով ու սահմանազատման նոր իրողությունների համատեքստում:

ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ասաց,որ Արման Թաթոյանը շատ իրավացի է և ապառազմականացված գոտու ստեղծման դեպքում կկարողանան իրացնել ու պահպանելմարդու բոլոր կենսական իրավունքները:
«Այսօրվա դրությամբ այս ռազմական նոր իրավճակը շատ խնդիրներ է առաջացնում: Նախ մեր համայնքի բնակիչների համար առաջացրել է անհանգստության մթնոլորտ, հողերը մշակելու, անասնապահության առումով, և այլն: Ինչպես նաև, մենք ունենք շատ հատվածներ, որոնք որ գործարանային հատվածներ են՝ կոնկրետ մարդկանց աշխատանքի կազմակերպման առումով: Օդանավակայանին հարակից հատվածում մեր գործարանային փողոցն է և բազմաթիվ կազմակերպություններ ունենք և բնականաբար աշխատողներ՝ մոտ 2000-3000 մարդ է այդ տարածքում աշխատում, որոնք գտնվում են կոնկրետ թշնամու նշանառության տակ: Եվ շատ կարևոր է, որ այդ հատվածում նորմալ աշխատանքային մթնոլորտ ապահովվելու համար կոնկրետ ապառազմականացված գոտին ապահովվի»,-ասում է Փարսյանը:

Կապանի համայնքապետը նշում է, որ ապառազմականացված գոտին ենթադրում է թշնամու զինվորականների ավելի հեռու տեղադրումը, երբ զինված խմբավորումները սահմանագծից բավականին հեռու պիտի տեղակայվեն՝ այսինքն կիլոմետրեր հեռու:
«Ես պետք է նշեմ, որ Արման Թաթոյանի հնչեցրած այդ միտքը իդեալական մոտեցում է հարցի լուծման համար: Համենայնդեպս,ես ակնկալում եմ, որ կառավարությունը շատ լուրջ ուշադրություն կդարձնի պրն Թաթոյանի ասածներին ու առաջարկությանը և այդ ուղղությամբ կսկսի աշխատանքներ կազմակերպելը դիվանագիտական կորպուսով»,-ասաց Գևորգ Փարսյանը:

Նա շեշտեց, որ ապառազմականացված գոտու ստեղծումը պահանջում է միայն դիվանագիտական կորպուսի հետևողական աշխատանք:

Վերջին նորություններ