
Առաջացել է Սոթքի ոսկու հանքավայրի 300 աշխատակիցների կրճատման հարց. 100-ը կրճատվել են. պատգամավոր

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ արտահերթ նիստին հրատապ ելույթ ունեցավ՝ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների հարցով։
Հանքի աշխատակիցները պատերազմից հետո հարկադիր պարապուրդի մեջ են: Հանքավայրի շահագործումը մի մասով դադարեցվել է, քանի որ մեծ մասը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ։
Պատգամավորը տեղեկացրեց, որ մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել, 100 աշխատակից արդեն կրճատվել է, մնացածը՝ ընթացքի մեջ են։
Պատգամավորի խոսքով ՝ առանց այդ էլ սոցիալական ծանր պայմաններում Վարդենիսից ու հարակից շրջաններից շուրջ 300 ընտանիք մնալու է առանց աշխատանքի:
Պատգամավորը նշեց նաև, որ իր հետ կապ են հաստատել բազմաթիվ վարդենիսցիներ, հարակից շրջանի բնակիչներ, մտադրություն են հայտնել, որ պատրաստվում են փակել Սոթքի ոսկու հանքավայրի հանքանյութը դեպի Արարատ տանող երկաթգիծը՝ արտահայտելու իրենց բողոքը։ Պատրաստ են նաև ծայրահեղ այլ քայլերի դիմել։
«Որպեսզի բանը դրան չհասնի, գուցե իմ հայտարարությունն օգնի՝ կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի, որևէ ձևով մեղմելու այդ դժգոհությունը, որևէ տարբերակ առաջարկելու, որովհետև 300 ընտանիքի՝ առանց եկամտի աղբյուրի մնալը, լուրջ դժգոհություն է ու սոցիալական ծանրաբեռնվածություն»։
Պատգամավորը վստահ է՝ օր առաջ մարդկանց այլընտրանք է պետք առաջարկել։