Նախագահը «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակությանը կընդունի 15։40-ին

Հայրենիքի փրկության շարժման մասնակիցները երթով նախագահի նստավայրում էին՝ դիմելով ՀՀ նախագահին՝ պատվիրակության հետ հանդիպման առաջարկով, որպեսզի փոխանցեն իրենց մտահոգությունները ու տեսակետները։

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Նախագահի ներկայացուցիչը մոտեցավ շարժման մասնակիցներին, հայտնեց, որ 15։40 նախագահը կընդունի Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությանը։ Այս պահին նախագահը հանդիպման է։ Արմեն Սարգսյանին կհանդիպեն ներկայացուցիչները, ապա Բաղրամյան պողոտայում մասնակիցներին կզեկուցեն հանդիպման արդյունքների մասին։

Նրանք պահանջելու են նախագահից հստակ ձևակերպել իր պատասխանը՝ կապված ԶՈՒ ԳՇ պետի՝ պաշտոնից ազատման հետ։

Այս պահին էլ շարունակվում է երթը Պռոշյան փողոցով՝ իրազեկելու հանրությանը, անհնազանդություն հայտնելու ու ինչպես հայտնեցին՝ ճանապարհին կայցելեն նաև այլ հաստատություններ։

Շարժման մասնակիցները Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը՝ ազատել ԳՇ պետին, հակասահմանադրական են համարում ու կարծում, որ նախագահը պետք է առարկություններով այդ միջնորդությունը հետ վերադարձնի վարչապետին, իսկ եթե մեկ անգամ էլ վարչապետը ներկայացնի միջնորդություն, ապա հույս ունեն, որ նախագահը կդիմի Սահմանադրական դատարան։