ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորածի զինծառայողների հարազատները շոկոլադ եւ գինի էին բերել Թորոսյանին՝ որպես «շնորհակալություն»
Անհետ կորած զինծառայողների հարազատներից մի քանիսը քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում են ունեցել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնեց անհետ կորածի հարազատ Արսեն Նիկողոսյանը։
«Հանդիպմանը մասնակցել է նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Նա հետեւյալ արտահայտությունն է արել, որ մենք պետք է շնորհակալ լինենք, որ գոնե 5 գերու են հետ բերել։ Հիմա այս գեղեցիկ «բանբաներկան», Իջեւանի վարդագույն գինին ուղարկում ենք Արսեն Թորոսյան, քեզ, սա մեր «շնորհակալությունն» է, որ ապրեք, զարգանաք, բարգավաճեք, ծլեք-ծաղկեք, որ կարողացաք գոնե այդ հինգ գերուն բերել»,- հեգնանքով նշեց Արսեն Նիկողոսյանը։
Ապա անհետ կորածի հարազատը փորձեց այդ ամենը փոխանցել Կառավարությանը, սակայն ոստիկանության աշխատակիցները թույլ չտվեցին նրան։