
Ոռոգման ջրի խնդիր այս տարի չի լինի. գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսներն էլ կզրոյացվեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ գյուղացիական տնտեսություններն այս տարի ոռոգման ջրի խնդիր չեն ունենա։ Նրա խոսքով` կառավարությունն այս տարի ևս բերքի բարձր ցուցանիշներ է ակնկալում:
«Բավական լավատեսորեն ենք մուտք գործում գյուղատնտեսական տարի։ Մանավանդ որ երեկ Ջրային կոմիտեն մեզ զեկուցեց, որ ձյան շերտն այսօր այնպիսին է, որ ջրային պաշարների մեծ խնդիրներ չենք ունենա ու կկարողանանք մեր գյուղացիներին ապահովել ոռոգման ջրով»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` դեռ 2019թ–ի ամռանը դատարկված ջրամբարները 2020թ.–ին սակավ տեղումների պատճառով ընդամենը 50%-ով էին լցվել։
Տարվա ընթացքում ոռոգման ջրի պահանջարկն ապահովելու նպատակով կառավարությունը 2 անգամ որոշեց Սևանից լրացուցիչ 170 խմ ջուր բաց թողնել։
Հավելենք , որ կառավարությունը նաև զրոյացնում է գյուղատնտեսական ծրագրերին տրամադրվող վարկերի տոկոսները։ Նման որոշում այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում` էկոնոմիկայի նախարարության առաջարկով։
«2020թ-ին կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը մարտի 26-ին ընդունել էր որոշում, որով պետական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրվող վարկերն ու լիզինգը տնտեսվարողներին հասանելի դարձան 0 տոկոս տկոսադրույքով, որի արդյունքում պետական աջակցությամբ ծրագրերի շրջանակում ներդրումները շուրջ 2 անգամ գերազանցեցին նախորդ տարվա ցուցանիշը»,– նախագիծը ներկայացնելիս ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։