Ստուգումներ Երևանի քաղաքապետարանում. արդյունքների մասին մեկնաբանում են քաղաքապետարանից

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացնում Երեւանի քաղաքապետարանում:

Տեղեկությունը լրատվականի հետ  զրույցում հաստատեց ՊՎԾ ղեկավարի օգնական՝ մամուլի խոսնակ Դավիթ Դանիելյանը:

Նա հայտնեց, որ ստուգումները սկսվել են դեկտեմբերից, իսկ թե երբ կավարտվեն, դեռեւս հայտնի չէ: 

Հարցին՝ ինչ-որ խախտում հայտնաբերվե՞լ է, Դանիելյանը պատասխանեց. «Դեռ չենք կարող որեւէ բան հայտարարել, երբ ստուգումներն ավարտվեն, կհայտարարենք»:

Նշենք, որ, ըստ օրենքի, ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է կատարում՝ Կառավարության որոշումների, վարչապետի որոշումների եւ հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի, այդ թվում՝ hակակոռուպցիոն ծրագրերի ու միջոցառումների կատարման նկատմամբ վերահսկողության, դրանց գործունեության օրինականության եւ արդյունավետության վերահսկողության, պետական միջոցների կառավարման եւ ձեւավորման արդյունավետության եւ օրինականության վերահսկողության նպատակներով: 

Իսկ տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում են ուսումնասիրություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով: 
Sputnik Արմենիայի հետ զրույցում էլ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը` մեկնաբանելով տեղեկությունն ասաց, որ այժմ քաղաքապետարանում ստուգումներ է անցկացնում ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։

«Երևանի քաղաքապետարանում պարբերաբար ստուգումներ լինում են ամենատարբեր պետական վերահսկողական գերատեսչություններից, այդ թվում՝ ՊՎԾ-ից: Ոչ մի արտառոց գործընթաց չկա»,– ասաց Կարապետյանը։

 

Քաղաքականություն