Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը կապ ունի Արցախը հանձնելու հետ. Հայկ Ալումյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված «Մարտի 1-ի» գործը կապ ունի Արցախը հանձնելու հետ։ Sputnik Արմենիա-ի փոխանցմամբ այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։ 

Նրա խոսքով` Քոչարյանն այն քչերից է, որն ի վիճակի էր կանխել Հայաստանից զիջումները: 
«2008թ–ի մարտի 1-ի գործը պետք է դիտարկել 2020թ–ի նոյեմբերի 9-ի իրադարձությունների հետ մեկ պատկերի մեջ,– ասաց նա, – այս ամենն արվում է, որպեսզի հասարակությունից շատ երկար քողարկվի այն, ինչ իրականում տեղի է ունենում։ Բայց ես տեսնում եմ, որ հասարակությունն աստիճանաբար սկսում է հասկանալ, թե ինչ է այս ամենի տակ թաքնված ու ինչ նպատակով է արվում։ Ո՞վ պիտի դիմադրություն կազմակերպեր, եթե, ասենք, ինչ–որ մեկը (պայմանականորեն ենթադրենք` ՀՀ իշխանությունները) որոշեին հանձնել Արցախը։ Մենք տեսում ենք, որ այդպիսի մարդկանց նկատմամբ տարբեր պատրվակներով քրեական հետապնդումներ են սկսվել»։ 
Փաստաբան Ալումյանը հիշեցրեց, որ փետրվարի 2-ին կայացած դատական վերջին նիստում քրեական գործի քաղաքական ենթատեքստի մասին փորձեցին խոսել գործով ամբաստանյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ու Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Բայց դատավոր Աննա Դանիբեկյանը նրանց արգելեց դատարանու քաղաքական հայտարարություններ անել։ 

Ռոբերտ Քոչարյանի միակ հաղթաթուղթը Նիկոլ Փաշինյանն է. քաղաքագետ 
Ալումյանը շեշտեց` «Մարտի 1-ի» քրեական գործն ի սկզբանե ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ այն կապված է 2008թ–ի նախագահական ընտրություններին հաջորդած քաղաքական գործընթացների հետ և քրգործի մեղադրական եզրակացությունը լի է քաղաքական գնահատականներով։ 

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը: Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։ 
 

Պատահարներ