
Խոզնավար. Գորիսի ամենահեռավոր ու սահմանային դարձած գյուղի հին ու նոր խնդիրները. Արման Ղարիբյան

«Իրավունքի ուժը» ՀԿ համահիմնադիր Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խոզնավարն է՝ Գորիսի ամենահեռավոր ու սահմանային դարձած գյուղը։ Հեռու, լքված գյուղ է։ Հեռավորությունը խնդիր չէր լինի, եթե նորմալ ճանապարհ ունենար գյուղը։ Օրեր առաջ տներից մեկը հրդեհվել է, հրշեջները չեն հասցրել տեղ հասնել ժամանակին՝ վատ ճանապարհի պատճառով, տունն ամբողջությամբ այրվել է։
Գյուղի մեկ այլ կարևոր խնդիր է մանկապարտեզի բացակայությունը։ Իսկ նոր խնդիրներից է ադրբեջանական սահմանն է ու հակառակորդի սահմանապահ զորքը։ Թեև վերջիններս գյուղացիներին չեն անհանգստացրել երբևէ, սակայն գյուղացիներից շատերը մտահոգված են։
Երիտասարդ մայրերից մեկն ասում է, որ նախկինում երեխային էր խանութ ուղարկում, հիմա ինքն է գնում, վախենում է երեխային միայնակ թողնել։
Ընդհանուր առմամբ խոզնավարցիք իրենց անտեսված ու միայնակ են զգում։ Ասում են՝ խնդիրները նոր չեն, սակայն որևէ իշխանություն բավարար սրտացավություն չի ցուցաբերել իրենց հանդեպ։ Իսկ Խոզնավարի՝ սահմանային դառնալու մասին հաճախ չի էլ խոսվում։
Նոր սահմաններով պայմանավորված՝ գյուղացիք կորցրել են այն արոտավայրերը, որոնք նախկինում էին օգտագործում։ Գյուղացիների հիմնականում եկամուտը անասնապահությունն է ապահովում, արոտավայրերի կրճատումը կարող է հանգեցնել նաև ընտանի կենդանիների թվաքանակի կրճատմանը, որի արդյունքում գյուղացիներից շատերի եկամուտը կտրուկ կնվազի։
ՀԳ - Գորիսի ու հատկապես Կապանի գյուղեր այցելելիս ամենալուսավորը, որ արձանագրեցի, մարդկանց լավատեսությունն ու հավատն է ապագայի նկատմամբ։ Բոլորը միաբերան պնդում են, որ ամենակարևորը հարատև խաղաղությունն է։ Առավել մանրամասն այս մասին դեռ կգրեմ։