Ինչու է Արմեն Սարգսյանն Ամանորը դիմավորել Լոնդոնում և ինչու է վիրահատության ենթարկվել այնտեղ. նախագահականի պարզաբանումը
Հունվարի 5-ին նախագահականից հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում' ընտանիքի ու թոռնիկների հետ:
Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: Սակայն նախագահի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ. նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։
Analitik.am-ը հարցում է ուղարկել նախագահական՝ պարզելու համար, թե ինչու է նախագահը որոշել Ամանորը դիմավորել Լոնդոնում, ոչ թե՝ Հայաստանում՝ հաշվի առնելով այն, թե ինչպիսի տարի էր 2020 թվականը հայրենիքի համար:
Հաշվի առնելով այն, որ այս ընթացքում կորոնավիրուսային իրավիճակը հատկապես ծանր է Մեծ Բրիտանիայում՝ մենք հարց էինք ուղղել նաև այդ մասով՝ ինչպես է ստացվել, որ նույնիսկ այդ հանգամանքը ետ չի պահել նախագահին Լոնդոն մեկնելու գաղափարից:
Երրորդ հարցը վերաբերում էր նախագահի վիրահատությանը, թե ինչու է նա ոտքի վիրահատության ենթարկվել Մեծ Բրիտանիայում, ոչ թե՝ Հայաստանում:
Ներկայացնում ենք նախագահականից լրատվականի հարցման պատասխանն՝ ամբողջությամբ.
«Հանրապետության նախագահի այցը Լոնդոն պայմանավորված է եղել ոչ թե Ամանորն այնտեղ նշելու հանգամանքով, այլ՝ բացառապես առողջական խնդիրներով: Շուրջ մեկ տարի առաջ Լոնդոնում նախագահ Սարգսյանի ոտքը վիրահատության ենթարկելու անհրաժեշտություն էր առաջացել, և կատարվել էր համապատասխան բժշկական միջամտություն: Վիրահատությունն իրականացրած բժիշկների ցուցումի համաձայն՝ վերականգնողական փուլի շրջանակում պետք է կատարվեր ոտքի ևս մեկ վիրահատություն, ինչը և օրերս իրականացվել է նույն բժիշկների կողմից:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսով վարակվելուն, ապա ոչ ոք, անկախ գտնվելու վայրից, ապահովագրված չէ այդ հիվանդությունից»: