
Զարեհ Սինանյանը հանդիպել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը հայտնում է, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ՝ քննարկելու համար հայաստանյան հետպատերազմական շրջանի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում սփյուռքի մասնագիտական ներգրավվածության թեման:
«Քննարկումը ծավալվել է հետևյալ ուղղություններով.
Սփյուռքահայ մասնագետների ներգրավում աջակցելու համար տեղացի մասնագետներին էրգոթերապիայի, վերականգնող և ֆիզիկական թերապիաների ընթացքում
Աջակցություն տեղացի մասնագետներին պրոտեզավորման ժամանակակից տեխնոլոգիաների գծով (ինչպես ուսուցում, այնպես էլ պրոտեզավորման գործընթաց)
Հոգեբանական աջակցություն և ոլորտային փորձի փոխանակում սփյուռքի և Հայաստանի համապատասխան մասնագետների միջև
Արցախում աշխատավայրերի ստեղծում, և թե ինչպես սփյուռքի մեր հայրենակիցները կարող են աջակցել նոր ներդրումներին և բարեգործական նախաձեռնություններին
Եթե Դուք սփյուռքահայ եք և վերոնշյալ ոլորտներից որևէ մեկում ներգրավված եք, խնդրում ենք գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով Ձեր փորձը և վկայականները»,-նշված է ֆեյսբուքյան գրառման մեջ: