Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հումանիտար առաքելության պատվիրակությանը
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:
Վարչապետը պետքարտուղար Լըմուանի հետ հանդիպման ժամանակ բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփումները և երախտագիտություն հայտնել արցախահայությանը հումանիտար աջակցություն տրամադրելու համար: «Մենք շնորհակալ ենք բարեկամ Ֆրանսիային՝ միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ճիշտ ներկայացնելու և մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Պետքարտուղար Լըմուանը նշել է, որ հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ոգուն համահունչ Ֆրանսիայի նախագահը վերահաստատում է իր հանձնառությունը՝ շարունակական մարդասիրական աջակցություն ցուցաբերելու արցախահայությանը: Այդ նպատակով Ֆրանսիան արդեն երկրորդ հումանիտար առաքելությունն է ուղարկում: Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է օժանդակել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությանը:
Զրուցակիցները կարևորել են միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից օժանդակության ցուցաբերումը:
Այնուհետև վարչապետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկված մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակության անդամների հետ:
Ողջունելով նրանց՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, բարձր եմ գնահատում այն առաքելությունը, որով ժամանել եք: Մենք մշտապես զգացել ենք բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը: Մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի նաև Ֆրանսիայի հայության գործունեությունը, որը նրանք ծավալում են Հայաստանում: Այս առումով մենք չէինք էլ կասկածում, որ Ֆրանսիայի հայ համայնքը և դուք կշտապեք լինել Հայաստանի և Արցախի կողքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ առաքելության համար: Իհարկե, հիմա դժվար ժամանակներ ենք ապրում, և համոզված եմ, որ մեր բարեկամների և մեր հայրենակիցների աջակցությամբ Հայաստանը և Արցախը այս դժվարին իրավիճակը կհաղթահարեն»:
Ժան-Բատիստ Լըմուանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ խոսքերի համար և ներկայացրել պատվիրակության անդամներին, որի կազմում ընդգրկված են պետական, միջազգային մարդասիրական, մասնավոր կազմակերպությունների, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան Յուրի Ջորկայեֆը, Ազնավուր հիմնադրամի ղեկավարությունը:
Պատվիրակության անդամներն իրենց խոսքում ընդգծել են, որ Հայաստանը և Արցախը կարող են լիարժեք հենվել Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի աջակցության վրա, որը վկայում է հայ-ֆրանսիական սերտ բարեկամության մասին, և որը շարունակական է լինելու:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի մարդասիրական օժանդակության պատվիրակության անդամներին աջակցության խոսքերի և կատարած աշխատանքի համար և խնդրել իր ջերմ ողջույններն ու երախտագիտության խոսքերը փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջիվան Աբրահամյանը դիմում է ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրականացնում Երևանում
Այս օրերին հերոսկան կռիվ տված Ջիվան Աբրահամյանը դիմում է իշխանություններին ու ժողովրդին, ովքեր այս պահին ցույցեր են իրակ...
18+. Տեսանյութ՝ Արցախի հյուսիսային ճակատից. Ալեքսանդր Կոտց
Լրագրող Ալեքսանդր Կոտցը թելեգրամյան իր ալիքում մի տեսանյութ է հրապարակել Արցախի հյուսիսային ճակատից է՝ Եղնիկներից:...
Ահազանգ. ազերները մոտենալու են Զանգելանից ու Կուբաթլուից. զորքա պետք Սյունիքի սահմանին տեղակայել. Մանաս Կարապետյան
«Քանի օրա, էլ տեղ չմնաց զանգեմ, ահազանգեմ, իրավասու պաշտոնատար անձանց գլուխը մտցնեմ, որ կանոնավոր բանակային զորքա պետք Ս...
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. Wargonzo
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը ՝ ի հեճուկս համաձայնագրի: Այս մասին @wargonzo-ին հայտնում են գ...