
Տիկին Աննային խնդրել եմ դուրս գալ, որից 4 ժամ հետո ինձ Երևան կանչեցին, ասացին՝ վարչապետն արգելում է Արցախ գնալ. Մովսես Հակոբյան

Արցախում գտնվելու ժամանակ իմ հիմնական գործառույթը եղել է այն, որ չեզոքացնեմ ոչ զինվորական մարդկանց մուտքը հրամանատարական կետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
Նա ներկայացրեց, թե ինչ խնդիր է առաջացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ, որի մասին օրերս գրել էր մամուլը:
«Խորհրդակցության ժամանակ գեներալ Հարությունյանը վարչապետին խնդրել է, որ թույլատրի՝ ես մնամ այնտեղ: Վարչապետի պատասխանը հետևյալն է եղել՝ միայն ի՞նքը, իրեն թույլատրում եմ: Քանի որ կողմնակի անձանց մուտքը հրամանատարական կետ արգելված է եղել, ես բարձրացել եմ ճաշելու, իջնելուց հետո տեսել եմ, որ հրամանատարական կետում տիկին Աննան նստած է էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, և կողքին կանգնած է Բաբայան Սամվելը»,-նշեց նա:
Ըստ Հակոբյանի՝ վարչապետի տիկինը նստած դիտարկում էր, որևէ գործի չի խառնվել, որևէ հարցի չի միջամտել, ցուցումներ չի տվել:
«Դիտարկում էր՝ ինչ է կատարվում մարտի դաշտում: Երբ դա ավարտվեց, մոտեցա, խնդրեցի տիկին Աննային՝ այսպիսի տեսարժան բաներ չի լինելու, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, հնարավոր է՝ նաև հայհոյեն, կաշկանդվում են ձեզնից: Ասաց՝ լավ: Մի 20 րոպե նստեց, գնաց»,-պատմեց Հակոբյանը՝ նշելով, թե դրանից 4 ժամ հետո իրեն կանչել են Երևան:
«Եկա պաշտպանության նախարարի մոտ՝ մտածելով, թե պետք է հարցնեն՝ ինչ իրավիճակ է այնտեղ: Նա ինձ ասաց՝ ինձ հրամայել են, որ Դուք այլևս չպետք է գնաք այնտեղ: Հարցրի՝ ինչն է պատճառը, ասաց՝ չգիտի, ու ասել է վարչապետը»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, թե վարչապետին նամակ է գրել. «Չեմ կարողանում մնալ այստեղ, ուղարկեք ինձ Արցախ, սիրտս պայթում է»,- բայց չի էլ բացել նամակը: