«Կատարո» գինեգործարանը մնացել է թշնամու տիրապետության տակ
Արցախյան երկրորդ պատերազմի հետեւանքով թշնամու տիրապետության տակ է մնացել Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարանը:
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը GastroVino-ին ասել է, որ Domaine Avetissyan «Կատարո» գինու գործարանն այլեւս գոյություն չունի:
Գինեգործարանը հիմնել էր Ավետիսյանների ընտանիքը: Էդիկ Ավետիսյանը՝ երեք որդիների հետ, «Կատարո» գինու արտադրությունը մեկնարկել էր 2002թ.-ից, առաջին շշալցումը եղել է 2010թ.-ին: Գինին անվանակոչել էին Դիզափայտ սարի վրա 17-րդ դարում կառուցված «Կատարո» վանքի պատվին:
Domaine Avetissyan («Կատարո») խաղողի այգին գտնվում էր Տող գյուղից ոչ հեռու: Գինին պատրաստվում էր Խնդողնի (100%) տեսակի խաղողից: Գինու պահպանման համար օգտագործվում էին Արցախյան կաղնու փայտից պատրաստված տակառներ:
«Կատարոն» գինեսերներին ներկայանում էր Կարմիր «Կատարո», Կարմիր «Կատարո» Reserve, Սպիտակ «Կատարո» եւ «Կատարո» Ռոզե գինիներով:
«Կատարո» Ռոզեն հայկական շուկայի եզակի գինիներից է, որ պատրաստված է խաղողի միայն մեկ սորտից՝ Խնդողնիից։ Այն ունի անտառային հատապտղային ցուկատների նուրբ բույր եւ ծաղկային ու նեկտարի համային երանգներ: Գինին 2020 թվականի ամռանն էր պաշտոնապես ներկայացվել հայ գինեսերներին: