ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նավալնիի օրգանիզմում մահացու թույն է հայտնաբերվել, որը վտանգավոր է ոչ միայն նրա, այլև շրջապատի մարդկանց համար
ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան, հայտնել է, որ տրանսպորտային ոստիկանությունը հայտնաբերել է այն նյութը, որով թունավորել են իր ամուսնուն։ Այս մասին ասվում է Օմսկում Նավալնիի շտաբի հաղորդագրության մեջ։
«Այն (նյութը) վտանգավոր է շրջապատի համար։ Նրա կողքին գտնվողներին հատուկ հագուստներ են անհրաժեշտ»,- հայտնել են շտաբում։
Նավալնիի օրգանիզմում հայտնաբերված նյութի անվանումը չի բացահայտվում, հայտնել է ընդդիմադիր գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովի հաղորդմամբ էլ՝ տրանսպորտային ոստիկանությունում հայտնել են, որ դա «քննության գաղտնիքն է»։
Յարմիշը նաև տեսանյութ է հրապարակել Իվան Ժդանովի և Յուլյա Նավալնիի հայտարարության մասին: Նավալնիի կինը պատմել է, որ չի վստահում Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցին, որտեղ գտնվում է իր ամուսինը: Նրա կարծիքով՝ բժիշկները գործչին պահում են կլինիկայում և թույլ չեն տալիս տեղափոխել Եվրոպա, «որպեսզի այն քիմիական նյութը, որը գտնվում է Ալեքսեյի օրգանիզմում, անհետանա»:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Օմսկի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որտեղ գտնվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հրաժարվել է գործչին գերմանական կլինիկա տեղափոխելու թույլտվություն տալ:
Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը այդ արգելքը որակել է Նավալնու «կյանքին ուղղված սպառնալիք»։ Նրա կարծիքով՝ այդ որոշումը կայացրել են ոչ թե բժիշկները, այլ Կրեմլը։
Հաղորդվել էր նաև, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք պատրաստ են բուժօգնություն ցույց տալ նաև գերմանական հիվանդանոցներում, սակայն դրա համար դիմում պետք է ստացվի Ռուսաստանից:
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը երեկ Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել է։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Twitter-ում հայտնել էր նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը։
Ավելի ուշ նա հայտնել էր, որ Նավալնին կոմայի մեջ է, նրա վիճակը ծանր է:
Մի շարք լրատվականներ հայտնել էին, որ նախնական տվյալներով՝ կասկածներ կան, որ Նավալնիին թունավորել են նատրիումի օքսիբուտիրատով:
Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։ Սրճարանի սեփականատերը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ կպարզի բոլոր հանգամանքները և կուսումնասիրի տեսախցիկների տեսագրությունները: Տոմսկի տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է սկսել օդանավակայանում։ Հիվանդանոցի տարածքը, որտեղ գտնվում է Նավալնին, հսկում են ոստիկանները։
Ավելի ուշ ՌԴ Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն հայտնել էր, որ բժիշկներին հաջողվել է կայունացնել Նավալնիի վիճակը։
Բժիշկները դեռևս չեն հայտնել վերջնական ախտորոշումը: