Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը Թուրքիայի և Քաթարի հետ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրել

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը Թուրքիայի և Քաթարի հետ պայմանավորվածության է եկել ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագրի ստորագրման շուրջ՝ լիբիական զինված ուժերի ներուժի մեծացման նպատակով, գրում է aa.com.tr կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության պաշտպանության փոխնախարար Սալահ ադ Դին ալ Նիմրուշը հայտարարել է, որ Անկարան և Դոհան Լիբիայում ռազմական պատրաստության և խորհրդակցության համար օբյեկտներ կստեղծեն։

Պաշտոնյան հավելել է, որ համաձայնության շրջանակում Թուրքիան և Քաթարը խորհրդականներ ու զինվորական անձնակազմ կուղարկեն Լիբիա։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տրիպոլիում եռակողմ բանակցություններ են անցկացվել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի, նրա քաթարցի գործընկեր Խալիդ բին Մուհամեդ ալ-Աթիյայի և Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ։

Իսկ մինչ այդ Հուլուսի Աքարը երկկողմ բանակցություններ էր ունեցել Խալիդ բին Մուհամեդ ալ-Աթիյայի և Ֆայեզ Սարաջի հետ։ 

Հիշեցնենք, որ 2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Խալիֆա Հաֆթարի բանակի հետ: