Ես կոչ եմ անում երկխոսություն սկսել և հրաժարվել բռնությունից` Հռոմի պապը Բելառուսում ընթացող ցույցերի մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին կոչ է արել Բելառուսում հարգել արդարությունն ու մարդկանց իրավունքները, գրում է Reuters գործակալությունը։

«Ես կոչ եմ անում երկխոսություն սկսել, հրաժարվել բռնությունից և հարգել արդարությունն ու իրավունքները»,-ասել է Հռոմի պապն իր կիրակնօրյա ուղերձում՝ ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում:

Հռոմի պապը հավելել է, որ իր մտքերը «սիրելի Բելառուսի» հետ են, և որ Բելառուսում նախագահական ընտրություններից հետո ուշադիր հետևում է իրավիճակին։

Ֆրանցիսկոս պապը նաև նշել է, որ շարունակում է աղոթել Լիբանանի համար, որտեղ օգոստոսի 4-ի երեկոյան մայրաքաղաք Բեյրութում որոտացած աղետալի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել։

Հիշեցնենք, որ Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Պաշտոնական տվյալներով՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ, մեկ ցուցարար զոհվել է:

Պատահարներ