Վրաստանի հայ համայնքը զորակցության ակցիա է իրականացրել ՀՀ դեսպանատան առաջ ․ ՀՅԴ
Վրաստանի հայ համայնքի երիտասարդական-ուսանողական միության անդամները Վրաստանում ՀՀ դեսպանատան առջև հանրահավաք են նախաձեռնել՝ ի զորակցություն հայրենիքի և ընդդեմ հայ– ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում՝ Տավուշի ուղղությամբ հուլիսի 12-ից կրկնվող ադրբեջանական սադրանքների:
Երիտասարդական-ուսանողական միության անդամները (ղեկավար՝ Արթուր Միրզոյան) վանկարկումներով և տարբեր լեզուներով հնչեցված կոչերով դատապարտել են ադրբեջանական սադրանքները՝ ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ՝ Վրաստանում:
Վրաստանի հայ համայնքի ուսանողական միության անդամ Վրեժ Հարությունյանը կազմակերպիչների անունից հնչեցրել է հետևյալ կոչը.
«Այսօր մենք՝ Վրաստանի հայ համայնքի երիտասարդական և ուսանողական միության անդամներս, հաշվի առնելով երկրի ներկա իրավիճակը և չխախտելով սահմանափակումները, եկել ենք զորակցություն ցուցաբերելու մեր հայրենակիցներին։ Հավատարիմ մնալով Վրաստանի հայ համայնքի պաշտոնական կոչին՝ զերծ մնալ սադրանքներից, մենք ցուցաբերում ենք բարձր քաղաքացիական պատասխանատվություն։
Հիշեցնենք, որ իրավիճակի լարման օրվանից՝ մենք, կանխատեսելով Ադրբեջանի կողմից կառավարվող տարբեր խմբերի կողմից ապագա սադրիչ գործողությունները, տարածել էինք հայտարարություն, որտեղ կոչ էինք արել Վրաստանի քաղաքացիներին զերծ մնալ սադրանքներին պատասխանելուց։ Եվ այսօր եկել ենք այստեղ, որպեսզի աջակցենք մեր հայրենակիցներին: Եվս մեկ անգամ կոչ ենք անում Վրաստանի քաղաքացիներին՝ անկախ իրենց ազգությունից, զերծ մնալ ցանկացած տիպի սադրանքներին պատասխանելուց, ինչպես նաև մասնակցելուց և կազմակերպելուց։
Վրաստանում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ակցիայի կազմակերպիչներին և ներկաներին՝ այս դժվարին օրերին հայրենիքին զորակցելու և Վրաստանին սադրանքների մեջ ներքաշելու ադրբեջանական փորձերը դատապարտելու համար: Այս մասին հայտնում է yerkir.am-ը: