Լոռու մարզպետն անբավարար է գնահատել Վանաձորում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ համայնքապետարանի վերահսկողությունը

Վանաձորում սուբվենցիոն միջոցներով դեռևս 2019թ.-ից մեկնարկած ծրագրերի շինաշխատանքներն հիմնականում իրականացվել են ժամկետների ուշացումներով ու ընթացիկ թերացումներով: Այս մասին հայտնում են ՀՀ Լոռու մարզպետարանից։

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մարզպետարանի մի խումբ պատասխանատու պաշտոնյաների և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի ուղեկցությամբ հետևել է մարզկենտրոնում ընթացող շինաշխատանքների ընթացքին՝ որակի և ժամկետների հետ կապված իր դիտարկումներն անելով ու ևս մեկ անգամ փաստելով. անորակ աշխատանքները չեն ֆինանսավորվելու և պետական միջոցները փոշիացնելու հնարավորություն այսուհետ չի տրվելու ոչ ոքի:

2019թ. նախապես սահմանված ժամկետներում չավարտված և 2020թ. տեղափոխված սուբվենցիոն ծրագրերից են՝ Ծանրամարտի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման աշխատանքները, Տավրոսի 18-րդ փողոցից դեպի Տարոն-1 թաղամաս տանող փողոցի, Լազյան փողոցի, Վերածննդի փողոցից դեպի 5-րդ համաբուժարան տանող ճանապարհի երթևեկելի մասի, Լանջային փողոցի երթևեկելի մասի, Տավրոսի 8-րդ փողոցի սկզբնամասի հիմնանորոգումը, Աբովյան փողոցի հիմնանորոգումը, թիվ 6 դպրոց տանող ճանապարհի, Զ. Անդրանիկի փողոցի 1-ին նրբանցքի (դեպի մարզադաշտ տանող փողոց), Մյասնիկյան փողոցի (բաղնիքի դիմաց), Բոշյան փողոցի, Ստեփանյան փողոցի (Աղայան փողոցից մինչև Մաշտոցի փողոց), Երևանյան խճուղուց մինչև Չուխաջյան փողոց (թիվ 18 դպրոցի արևելյան կողմ), Ներսիսյան փողոցից Կնունյանց փողոց երթևեկելի մասի փողոցների հիմնանորոգման, Հայքի հրապարակի, Արցախ պուրակի, Տիկնիկային թատրոնին հարակից պուրակի, Ռուբեն Սևակի անվան երիտասարդական զբոսայգու բարեկարգման աշխատանքները:

Չնայած Կերպարվեստի թանգարանի հիմնանորոգումն ավարտված է, սակայն դեռևս բակի բարեկարգման աշխատանքներ են իրականացվում: Ծանրամարտի մարզադպրոցում աշխատանքներն ընթանում են մեծ թափով, խոստանում են մինչև տարեվերջ ավարտին հասցնել՝ ապահովելով բարձր որակ: Ինչը չի կարելի ասել, սակայն, վերոնշյալ փողոցների մասին. մրցույթով հաղթող ճանաչված ճանապարհաշինական կազմակերպությունը «Մ. Բուատ» ՍՊԸ-ն է: Նախորդ տարի չհասցնելով աշխատանքները ավարտին հասցնել ժամկետներում՝ ՀՀ կառավարության որոշմամբ դրանք երկարաձգվել են մինչև այս տարվա օգստոսի 1-ը. կհասցնեն, թե ոչ՝ հարցի մի կողմն է: Իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակից ելնելով, սակայն, մտավախություն կա, որ դրանք չեն ընդունվի որակին չհամապատասխանելու պատճառով:

Շրջայցի ընթացքում մարզպետը հետևել է նաև պետբյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող խոշորածավալ ծրագրերից՝ Գյուղատնտեսական քոլեջի վերակառուցման, մարզային զինկոմիսարիատի, Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվում են որակի և ժամկետների խիստ պահպանությամբ, ինչպես նաև 2020թ. սուբվենցիոն միջոցներով Վանաձորում արդեն իսկ մեկնարկած ծրագրերի ընթացքին:

Այս պահին ընթանում են Վանաձորի Աթլետիկայի օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի շենքի, Հրաչյա Կլեյչյանի անվան թիվ 1 մշակույթի տան և Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանային համակարգի շենքի հիմնանորոգման և Տարոն-2 թաղամասի այգու կառուցման աշխատանքները:

 

Քաղաքականություն

Պատահարներ